«Աստվածային պարգև է սիրված արվեստագետ լինելը». Նունե Ավետիսյան

Լեզուն ու խոսքը ազգի պահպանման կարևորագույն գրավականներից են:

Խոսքը պոեզիայի դարբինների ձեռքում դարձել ու դառնում է աննկարագրելի մի ուժ, որ դարեր շարունակ  ծառայում է որպես զենք և մխիթարություն,  վերք և բալասան, որպես աղոթք-մրմունջ և գոհաբանություն, և ուղղակի` պարզ ու մաքուր սրտի ձայն:

Ասմունքն այդ դսևորումներն արտահայտելու և մարդուն հասցնելու լավագույն ճանապարհներից մեկն է:  Իսկ ինչպես են իրենք` ասմունքողները թրծում այդ ճանապարհը, և ովքեր են այսօր հասցեատերերը:

Այս հարցերի պատասխանը փորձեցինք գտնել արվեստագետ Նունե Ավետիսյանի հետ զրույցում` բարձր գանահատելով այսօր Լոս Անջելեսում նրա ծավալած ակտիվ գործունեությունը, ինչպես նաև տեղեկանալով առաջիկայում կայանալիք նրա մենահամերգի մասին:

Որտե՞ղ հանդիպեցին և ի՞նչ ուղի են անցել Պոեզիան և Նունե Ավետիսյանը: Կներկայացնե՞ք, խնդրում եմ, ամփոփ  Ձեր անցած ուղին մինչ այժմ:

Մայրս` ասմունքի վարպետ Սիրվարդ Մեսրոպյանն է ինձ հանդիպեցրել պոեզիայի հետ։ Նրա մեջ է պատճառն ու բանալին իմ արվեստի։ Ես սերվել եմ արվեստի անկաշառ մշակների սիրուց, և մի կողմից հորս` մեծագույն կատարող Վաղարշակ Սահակյանի ձայնն է ինձ արբեցրել, մյուս կողմից մայրս է հղկել իմ հոգին։

Հետաքրքիրն այն է, որ արվեստագետի անցած ուղին հենց ժողովուրդն է։ Նա է բնորոշում ու նաև կանխորոշում արտիստի ուղին, և պոեզիա սիրող ու գնահատող հանդիսատեսն էլ կպահպանի, կգնահատի, և կամ մոռացության կտա ամեն բան, եթե արժանի չլինի գնահատման։

Սփյուռքում հայտնվելը ի՞նչ փոխեց Ձեր ու Ձեր արվեստի մեջ:

Իրականում, ես` որպես լուրջ ասմունքող, կայացել եմ հենց սփյուռքում` թեպետ բավական փորձ ու պաշար ունեի դեռ հայրենիքից։ Այստեղ խտացան իմ կատարողական արվեստի բոլոր երանգները։ Առաջին իսկ սկավառակը արդեն լուրջ հռչակ բերեց, իսկ դա պատասխանատու ձեռնոց է ունկնդրի կողմից։ Բայց ամենամեծ երջանկությունը նրա սերն է, այն անսպառ ջերմությունը, որ հաղորդվում է նրա աչքերից ու գալիս ծվարում է քո հոգում` որպես մեծագույն երջանկություն, ինչը չես փոխի ո՛չ հարստության, ո՛չ էլ որևէ այլ հաճույքի հետ։ Ես կարծում եմ աստվածային պարգև է սիրված արվեստագետ լինելը։

Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում ասյտեղ Ձեր արվեստի մեջ:

Որևէ դժվարության չեմ հանդիպել մինչ օրս, քանի որ, բարեբախտաբար, հայը սիրել ու շարունակում է սիրել մեր քնարերգությունը։ Առհասարակ մեր ժողովուրդը շատ պոետիկ խառնվածք ունի, ինչը փոխանցվում է սերնդից սերունդ, և գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ հայ բանաստեղծությունը մեր մշակույթի հզորագույն զենքերից մեկն է` եթե ոչ առաջնայինն ու ծանր հրետանին։

Ըստ Ձեզ, ո՞վ է այսօր Ձեր հանդիսատեսը:

Իմ հանդիսատեսը խելացի հայն է, զգայուն, կիրթ, մտածող, ժամանակակից։ Իմ հանդիսատեսը նա՛ է, ում կգրավեմ առաջին տողը արտասանելիս, ում հոգին կալեկոծեմ մեր հանճարեղ պոեզիայի գոհարներով։ Լավագույն մարդն է իմ հանդիսատեսը և լավագույն հայը, որի առջև խոնարհվելը պատարագի սրբության արժեք ունի։

Ընդունված կարծրատիպ է, որ մասնավորապես սփյուռքում պոեզիայով ապրում են ավելի միջին և ավագ սերնդի ներկայացուցիչները: Համամի՞տ եք արդյոք այս կարծիքի հետ, եթե այո, ապա ի՞նչ քայլեր կառաջարկեք անել` սփյուռքահայ երիտասարդության մեջ այդ հետաքրքրությունն ու սերն արթնացնելու համար:

Չէ՛Ես տեսել եմ երիտասարդների, որոնք ելույթից հետո արտասվելով գրկախառնվել են ու երախտագիտության խոսքեր ասել։ Բայց իրականում պոեզիան ամեն մեկի ճաշակի ու խելքի բանը չէ և ամեն մեկից չեմ էլ ակնկալում այս նրբագույն արվեստի հանդեպ հանդուրժողականություն։ Մարդը պիտի հասունանա բանաստեղծության համար։

Ես լուրջ առաջարկներ ունեմ տարբեր կազմակերպություններից` ասմունքի դպրոց հիմնելու։ Մտածում եմ` այս տարի նախաձեռնել։ Տեսեք թե որքա՜ն երիտասարդներ կմիանան այդ ծրագրին։

Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

Առաջիկա ամենալուրջ ծրագիրը մենահամերգս է` նոյեմբերի 5-ին։ Տեսնենք` ինչպես կտամ այդ ծանր քննությունը ինձ վստահող և ինձ գնահատող հանդիսատեսի առաջ։ Աստծո ողորմածության և ժողովրդի սիրո մեջ եմ գտնում աստեղային այն հնարքները, որոնք դառնում են խոսք, շարժում, դիմախաղ, արտասանված բառ ու հնչյուն։ Մնացածի մասին կխոսեմ այս քննությունից հետո։

Երիտասարդները ցանկացած հասարակության վաղվա տերերն են: Ո՞րն է Ձեր հորդորը մեր` հայերիս վաղվա տերերին:

Միակ հենարանը, որի համար արժե ոչինչ չխնայել, մեր երիտասարդությունն է։ Ես կուզենայի կրթված, գիտակից ու այս չքնաղ մոլորակին արժանի հայ երիտասարդներ տեսնել ամենուրեք։ Աշխարհը շատ արագ է առաջ գնում , և այդտեղ անչափ կարևոր է նաև մեր նոր սերնդի ներկայությունը։ Կայացա՛ծ ներկայությունը, անշուշտ։

Եթե ես աստվածային հնարավորություններ ունենայի, ամեն գնով խաղաղություն կհաստատեի այս մոլորակի վրա, որպեսզի այդ վաղվա տերերը, իրենց կարողություններով, մայր բնությանն ու մարդկությանը արժանի գործերով փառաբանվեն։

Շնորհակալություն

Հարցազրույցը վարեց` Ա.Ս.