Պապին Պողոսյանը հյուրախաղերով կշրջի ԱՄՆ-ում…

Նոյեմբերի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ալեքս» թատրոնը կհյուրընկալի հայ ժողովրդական երգիչ Պապին Պողոսյանին: Aysor.am-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ մենահամերգի մտահղացումը վաղուց կար, սակայն կազմակերպչական բազում դժվարությունների պատճառով հետաձգվում էր. «Այժմ բավական բարդ է, մարդիկ տարված են առօրյա հոգսերով և նրանց թեկուզ երկու ժամով դժվար է հանել այդ վիճակից: Սակայն այս տարի «Grand-Party» ընկերության կողմից համերգը կազմակերպելու հետաքրքիր առաջարկ եղավ: Ընկերության մեջ հավաքված են երիտասարդ և իրենց գործի գիտակ մասնագետներ: Միասին որոշեցինք, որ կլինի ոչ թե մենահամերգ, այլ` համատեղ համերգ` Գագիկ Բադալյանի հետ»:

Համերգի գեղարվեստական մասը վստահվել է երիտասարդ ռեժիսոր, բանաստեղծ Դավիթ Ասատրյանին: Ծրագրում լինելու են հայկական ժողովրդական, ինչպես նաև հայ կոմպոզիտորական երգարվեստի նմուշներ: «Գագիկի և իմ համատեղ համերգը բացի մշակութային, գեղարվեստական նշանակությունից, գոնե ինձ համար, ունի մեկ այլ` շատ կարևոր իմաստ. երկու տարբեր սերունդների համագործակցություն, որտեղ միավորվում են տարիների փորձն ու երիտասարդ տաղանդավոր մարդիկ: Օրվա գլխավոր հերոսները լինելու ենք ոչ թե մենք, այլ հայ երգն ու այն պատանին կամ երեխան, ում սրտում առաջին անգամ արձագանք կգտնի «պապերի ձայնը»,-մանրամասնեց Պապին Պողոսյանը:

Համերգն ամբողջությամբ ուղեկցվելու է կենդանի նվագակցությամբ: Դահլիճում ներկա կլինեն նաև հատուկ հյուրեր: Ի դեպ, «Grand-Party» ընկերության և մասնավորապես տնօրեն Արտակ Մարտիրոսյանի հետ ծրագրվել է այս համերգը դարձնել հյուրախաղային. Պապին Պողոսյանը և Գագիկ Բադալյանը համերգային ծրագրով կշրջագայեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս, նաև` Հայաստանում:

 

Հարցազրույցը՝ Նելլի Մարգարյանի