Արմենչիկին Սերժ Սարգսյանը չի պարգևատրել…

Վերջին շրջանում իսկապես թացն ու չորը խառնվել են իրար, հասարակության լայն շերտերի մտորումներն ու տրամադրություններն անգամ սթափ ուղեղով դժվար է հասկանալ:

Անկախության տոնի կապակցությամբ նախագահի կողմից հանձնված կոչումների վերաբերյալ հասարակական կարծիքը նման էր քամու բերանն ընկած տերևի:

ՈՒշագրավ ևս մի փաստ. երբ տարիների վաստակ ունեցող արվեստագետը նախագահից կոչում կամ պարգև է ստանում, հասարակական կարծիքը նույն այդ արվեստագետին գամում է անարգանքի սյունին, թե ինչպես կարելի է երկիրը կործանման տանող, կեղծիքներով իշխանության եկած անձից մրցանակ ստանալ, և անմիջապես պիտակավորում է տալիս` ծախված է:

Այժմ անդրադառնանք Արմենչիկի վաստակավոր արտիստի կոչում ստանալուն: Ակամայից հիշեցի մի հին անեկդոտ.

Մեկը մոտենում է տաքսու վարորդին և ասում է.

-Ախպե’ր ջան, շտապ ինձ հասցրու Իսրայել՝ հրեաներին մորթելու եմ:

-Ի՞նչ է պատահել,- հարցնում է վարորդը:

-Բա չե՞ս իմացել` Հիսուսին են խաչել:

-Դա 2000 տարի առաջ է եղել, ա’յ ախպեր:

– Է, ես էսօր եմ իմացել…

Այս համատեքստում արժե հիշեցնել, որ արդեն շատ վաղուց “ՀՀ վաստակավոր արտիստ” կոչումը շնորհվում է նաև երիտասարդ էստրադային երգիչներին, ի դեպ` այդ ավանդույթը ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, և վերջապես, եթե մեկը Սերժ Սարգսյանին չի ընդունում որպես ընտրված նախագահ, պետք է որ ցավով չընկալի նրա երաժշտական ճաշակը:

Ի վերջո, եթե Կոմիտասն ու Սայաթ Նովան դուրս են մղված շարքային քաղաքացու հոգուց ու առօրյայից, ի՞նչ տարբերություն, թե ով ինչ կոչում է ստանում պետության կողմից:

Այստեղից հետևություն` Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհել է ոչ թե նախագահը, այլ երգչի բազմահազարանոց լսարանը:

Չէ՞ որ ձայն բազմաց, ձայն Աստծո…

LosArmNews.com