Ես իր հանդեպ ոչ մի մաղձ չունեմ. Ձախ Հարութը պատրաստ է հաշտության ձեռք սեղմել Արթուր Մեսչյանի հետ

Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, «Ազատություն TV-ի» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ խոսելով իր և Արթուր Մեսչյանի հետ ունեցած լարված հարաբերությունների մասին, հայտարարեց, որ եթե առիթ լինի հաշտության՝ ինքը վազելով կգնա և կսեղմի Մեսչյանի ձեռքը:

Նա խոստովանեց, որ ինքը միշտ էլ եղել է Մեսչյանի արվեստի երկրպագուն, չնայած լինելով նրա հասակակիցը:

Հարութ Փամբուկչյանը նշեց, որ երբ  առաջին անգամ ինքը ձայնագրեց Մեսչյանի «Ուր էիր Աստված» երգը  մեծ հաջողություններ ունեցավ Լոս Անջելեսում, իր իսկ խոսքով «պայթեցրեց  Լոս Անջելեսը», և դրանից հետո ձայնագրեց նաև Մեսչյանի ռեքվիեմի շարքը, որոնց բովանդակությունը պատկանում է Մուշեղ Իշխանին:

«Իր հետ ընդհարվելու ամբողջ պատճառը դա էր, որ ես առանց իրենից թույլատվություն հարցնելու երգել եմ»,- ասաց նա և բացատրեց, թե ինչու չի հարցրել: Ձախ Հարութի խոսքով ինքն այդ ժամանակ՝ խորհրդային տարիներին համարվում էր չընդունված անձ և նույնիսկ  ոչ միայն իր  երգերը, այլ նամակները՝ ուղղված կնոջը, այդ ժամանակ սիրելիին՝ Հայաստան չէին հասնում և այդպես էլ չի կարողացել կապ հաստատել նաև Մեսչյանի հետ:

Հարութ Փամբուկչյանը խոստովանում է, որ ռեքվիեմը առաջին երեք տարիներին հաջողություն չունեցավ, որովհետև սիմֆոնիկ նվագախմբի օգնությամբ էր ձայնագրել երգերը: «Հետո սկսեցին քիչ-քիչ հասկանալ, Հայաստանից ժողովուրդ եկավ, ու քիչ-քիչ իմ ձայնագրությունների միջից դարձավ ամենաընդունվածը»,- ասաց նա և կրկին անդրադարձավ Մեսչյանին, ով ըստ նրա՝ միշտ աշխատում է վարկաբեկել իրեն:

«Բայց ես իր հանդեպ ոչ մի մաղձ չունեմ: Եթե ինքը կարողանար մի քիչ այդ երևույթին այլ կերպ նայել, Լոս Անջելեսի սիմֆոնիկ երգիչներ են բերել և բարձր մակարդակով արել, շահեկան լսվող գործ է, բայց ինքը մինչև հիմա չի կարողանում համակերպվել: Ամեն դեպքում իմ հարգանքն իր հանդեպ, իր տարիների արված գործի հանդեպ մնում է բարձր: Ինչ ուզում է թող ասի, ես իր երգերի, իր արվեստի  ամենամեծ պրոպագանդողն եմ: Ոչ մեկ չի ասում՝ Հարութ քո ռեքվիեմը ինչ լավն է, ասում են՝ Մեսչյանի ռեքվիեմն ինչ լավ է ստացվել: Ով ինչ ուզում է ասի, ինքը մնում է ինձ համար նույն Արթուրը՝ իր տաղանդով, իր շնորհքով»,-ասաց նա:

Հարցին, թե պատրաստ է հաշտության ձեռք մեկնել, պատասխանեց. «Մեծ սիրով, եթե ինքը այդ մեծահոգությունն ընդունեց՝ ես վազելով կգնամ, կսեղմեմ իր ձեռքը և վստահ եմ, որ այդ մերձեցումը իր արգասիքը կտա»,-ասաց նա:

www.tert.am