Փոքրիկ տղան, մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ, դաշտի միջին,
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց, փշոտ վարդին…
Այս տողերն ընթերցելիս ակամա ունկերումդ հնչում է թավշյա մեղեդին, որն ավելի է ընդգծում վարդի փուշը, տղայի ցանկությունն ու վարդի հետ երկխոսության խորիմաստությունը:
Այս և մի շարք այլ ստեղծագործությունների երաժշտականացման համար պարտական ենք կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանին:
Այսօր նրա` հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է: Նա իր ուրույն ներդրումն է ունեցել հայ երաժշտության մեջ ռոմանսի ժանրի ստեղծման և զարգացման գործում:
Ռոմանոս Մելիքյանը համարվում է հայ ազգային դասական ռոմանսի հիմնադիր: Իր գործունեության ընթացքում, սակայն, նա չի բավարարվել միայն ռոմանսներով, հավաքել և մշակել է ժողովրդական երգեր, ծավալել է հասարակական ակտիվ և արգասաբեր գործունեություն:
Ծնվել է 1883 թ. սեպտեմբերի 19-ին /որոշ աղբյուրներում նշվում է հոկտեմբերի 1-ին/ Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքում, այգեգործի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Ղզլարի ծխական դպրոցում, իսկ միջնակարգը՝ Նոր Նախիջևանում, ուր և սկսվում են նրա երաժշտական պարապմունքները դպրոցի երգչախմբում: 1900 թվականին, տակավին աշակերտ, Մելիքյանը ստանձնում է Նոր Նախիջևանի ս.Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը: Այսպիսով, սկսվում է նրա կատարողական, ապա և ստեղծագործական ինքնուրույն գործունեությունը:
Դպրոցն ավարտելուց հետո (1902), Ռոմանոսն ընդունվում է Ռոստովի երաժշտական ուսումնարան: Ուսումնառության տարիներին ստեղծագործական աոաջին փորձերն է անում. ժողովրդական երգերի և շարականների մշակումներ երգչախմբի համար:
1905 թվականին Մելիքյանը մեկնում է Մոսկվա և, մեկ տարի մասնավոր դասեր (ստանալուց հետո, ընդունվում ժողովրդական կոնսերվատորիա:
Մոսկվայում շարունակվում է Մելիքյանի խմբավարական գործունեությունը՝ ղեկավարում է Lազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակում է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն:
Նա ստիպված է լինում անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա` Թիֆլիս: Այստեղ նա իր շուրջն է համախմբում դպրոցների հետ կապված երիտասարդ երաժիշտներին և ստեղծում «Երաժշտական լիգա» ընկերությանը (1908): Նույն թվին նրա աջակցությամբ Ազատ Մանուկյանը հրատարակում է «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուն: Որոշ ժամանակ անց Մելիքյանը Մանուկյանի հետ կազմում և հրատարակում է «Երաժշտական այբբենարանի» աոաջին մասը (1912), իսկ ուսանողության համար գրում «Աշուն» և «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը և այլն:
Ռ. Մելիքյանի մուտքը հայ երաժշտություն ժամանակակիցների դրվատանքին արժանացավ: Նրա ստեղծագործությունը որակվեց որպես թարմ հոսանք:
1910-1914 թվականներին Մելիքյանը սովորում է Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ կատարելագործվելու ձգտումով: Ուսումնական բազմաթիվ առաջադրանքների հետ միասին, նա գրում է ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգը, մշակում է վեց հայկական ժողովրդական երգեր (ամփոփված են «Էսքիզներ» ժողովածուում):
1916 թվականին, ցեղասպանությունից տուժած հայերին օգնելու համար, Թիֆլիսից հայ մտավորականության մի պատվիրակություն է մեկնում Վան: Պատվիրակության մեջ էր նաև Ռ. Մելիքյանը: Վանում նա ականատես եղավ հայերի գլխով անցած արհավիրքներին, բայց և ունկնդրեց ու ձայնագրեց ժողովրդական երգերի հիանալի նմուշներ՝ կորստից փրկելու համար:
Ռ. Մելիքյանի ստեղծագործական և հասարակական գործունեությունը բուռն թափ ստացավ 20-ական թվականներին: 1921-ին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրում է Երևան` երաժշտական ստուդիա հիմնելու, որն էլ հետագայում` 1923թ. դառնում է կոնսերվատորիա:
Զորյանը տվել է նաև Մելիքյանի արտաքինի դիպուկ նկարագրությունը. «Նրա քայլվածքը առանձնահատուկ էր՝ թափով, շտապ: Թվում էր` գնում է մեկին օգնելու, մի կարևոր գործի հասնելու և միշտ՝ լայն շարժումներով, առյուծի բաշը թափ տալով: Բայց և այնպես առաջին տպավորությունը, որ ստանում էին Ռոմանոսից, այն էր, որ այդ մարդն արտիստ է, բառի ամենալավ և ամենալայն մտքով»:
Նամակներից մեկում Մելիքյանը գրում է. «Իմ անհանգիստ բնավորությունը հենց սրանում է արտահայտվում, որ ես անկարող եմ բավարարվել այն բանով, որ արդեն արել եմ, և եթե սպառված չեմ ավելին անելու համար, ես անհանգիստ եմ, իսկ եթե սպառված եմ, ինձ համար կյանքը կորցնում է արժեքը»: Բնավորության այս գիծն էլ 1924 թվականին նրան տանում է Ստեփանակերտ՝ երաժշտական ուսումնարան հիմնելու, ապա՝ Թիֆլիս, ուր երկու տարի գլխավորում է Հայաստան երաժշտական սեկցիայի և երաժշտական ստուդիայի աշխատանքները, ապա՝ նորից Երևան, ուր բարեկամական հարաբերություններ են ստեղծվում նրա և Ալ. Սպենդիարյանի միջև: Նա եռանդուն մասնակցեց Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին (Օդեսայում, Թիֆլիսում, Երևանում) և Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը: Նա առաջ քաշեց Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտ¬րոնացնելու գաղափարը:
Երաժշտական-հասարակական գործունեության այս բուռն տարիներին Մելիքյանը շարունակում է իր ստեղծագործական աշխատանքը: Վերջնականապես հղկում ու հրատարակության է հանձնում «Զմրուխտի» երգաշարը (1928), ավարտում է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակում երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը»՝ առաջին փորձերից մեկն այդ բնագավառում և այլն:
Կոմպոզիտորը մահացել է 1935 թվականի մարտի 30-ին Թիֆլիսում: Նա ապրեց ոչ երկար, բայց հագեցած, գեղեցիկ կյանք: