21 օգոստոս, 2015
Հայատառ պապիրուս. միֆ, թե իրականություն
Եգիպտագիտության ոլորտի հայկական կենտրոնի աշխատողները Եգիպտոսի հարուստ մշակույթն ուսումնասիրելիս հայտնաբերել են, որ եգիպտերենի, հունարենի, արաբերենի, ղպտերենի պապիրուսներին զուգահեռ կա նաև հայատառ պապիրուս: Ըստ նրանց` շատ քչերը գիտեն հայատառ պապիրուսի մասին, որի ենթադրյալ գտնվելու վայրը Հին Եգիպտոսի ամենահին քաղաքը համարվող Ֆայլումն էր:
Աշխարհում միակ հայատառ պապիրուսի մասին առաջին անգամ հիշատակել է Ղևոնդ Ալիշանը` 1892թ. Վենետիկի Մխիթարյան միաբանությունում հրատարակվող “Բազմավեպ” ամսագրում: Ճշգրիտ գրության ժամանակաշրջանն անհայտ է, սակայն գիտնականները թվագրում են մ.թ. 5-7-րդ դարերը, այսինքն այն ժամանակ, երբ մաշտոցյան գիրը նոր էր տարածում գտնում:
Հայտնի չէ` մինչև 19-րդ դարի վերջն ինչ պայմաններում և որտեղ է թափառել այս պապիրուսը: Այժմ պապիրուսը գտնվում է Փարիզի ազգային գրադարանում:
Ուշագրավ է այն փաստը, որ լեզուն հունարեն է, գիրը` հայկական:
1998թ. հայագետ Տիգրան Կույումջյանը փորձել է գիրը թարգմանել անգլերեն և արդյունքում պարզվել է, որ պապիրուսն ընդգրկում է խոսակցական կարճ արտահայտություններ, բայերի խոնարհման աղյուսակներ, ձևավոր խոսքեր, ասացվածքներ և կարճ պատմություններ Դիոգենեսի մասին: Հայագետների կարծիքով պապիրուսը ներկայացնում է հայկական ոչ պաշտոնական գրով գրված ամենահին ձեռագիրը: Ըստ նրանց հետևությունների` մի հայ զինվոր կամ վաճառական երկարատև ճամփորդության ժամանակ ձանձրույթը փորձել է պարպել մայրենիի միջոցով հունարեն լեզուն սովորելով:
Զառա Ղազարյան