Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին. Հացադուլ հայտարարած երիտասարդներ

Որոշիչ ազդակը, որ մեզ բերել է այս քայլին, Արցախի ԱԺ հայտնի հայտարարություն է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմի մասնակից, հացադուլ հայտարարած Արթուր Ավագյանը: Նրա հետ հացադուլ է սկսել նաեւ պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը:

«Մինչ այդ եղել են մտահոգություններ, հայտարարություններ, բայց, կարծում ենք, որ ամենաազդեցիկն իր նշանակությամբ ու ծավալներով այդ հայտարարությունն է»,- ասաց նա՝ հավելելով, որ այն շատ լուրջ հայտարարություն է ու դրան պետք է արձագանքել համարժեք։

«Բավարար չէ միայն մտահոգությունները կիսել ընկերների հետ, փաբերում այդ մասին դատողություններ անել, ֆեյսբուքում դատավորի պատմուճանը հագնել, սրան դատել, նրան դատել և գնալ քնել»,- նշեց Արթուրը։

Նրա խոսքով, իրենց այս քայլը հիմնականում ուղղված է երիտասարդությանը, առանց բացառելու մնացած հայրենակիցներին, ովքեր մտահոգ են, քանի որ ունեն մեծ պոտենցիալ, ինտելեկտ, բայց այդ ուժն այս պահին պարզապես անդորրության է տրված։

«Հայրենասիրությունը, հայրենիքը բացարձակ արժեք է։ Մենք մարմնավորում ենք այդ մտահոգությունը, այն հետևանքը ու արդյունքը, որ կարող է լինել այս ամեն ինչի վերջում, լինելու է պատմության այն վատ կրկնությունը, որ մենք ունեցել ենք և ազգային ինքնության շատ լուրջ խնդիր է լինելու»,- ասաց Արթուրը՝ հավելելով, որ այն, ինչ իրենք անում են, ակցիա չէ, ռեակցիա է, չեն պատրաստվում ինչ-որ աշխարհաքաղաքական գնահատականներ տալ, ով է սխալ, ով ճիշտ, այլ ասում են կա արարք և այդ արարքին պետք է արիական պատասխան տալ։

Նվեր Կիրակոսյանը նախ խնդրեց, որ քիչ շահարկել իրենց՝ պատերազմի մասնակից լինելը, ինչն իրեն միայն բարոյական իրավունք է տալիս ինչ-որ հարցերի շուրջ բարձրաձայնել իր դիրքորոշումը. «Եկեք խոսենք՝ որպես մտահոգության մարմնավում։ Մենք հացադուլ ենք հայտարարել, որն ուղղված է երիտասարդությանը։ Իմաստն այն է, որ թմբիրից դուրս գան։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին պետք է լինի համարժեք ռեակցիա։ Մեր կարծիքով, իրավիճակը ծայրահեղ է»։