Ծափի ուժգնությունը կապ ուներ ցուցակում համարի հետ. Էդմոն Մարուքյան

«Այն՝ ինչ ասում է վարչապետը, հերքում է Օնիկ Գասպարյանը: Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հայտարարեց, որ Գլխավոր Շտաբի նախկին պետը և մի շարք բարձրաստիճան զինվորականներ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունը գրել, ստորագրել են Սերժ Սարգսյանի հանձնարարականով, մինչև օրս ոչ մի ապացույց չի ներկայացվել հրապարակային արված հայտարարության մասին»,-այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ ճապազրույցում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ վարչապետն ասել է, որ կհրապարակի ապացուցներ, որ Սերժ Սարգսյանն է հրահանգել. «Դա էլ թող հրապարակի»,-նշեց պատգամավորը:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ վարչապետի ապրիլի 14-ի Ազգային ժողովում ունեցած ելույթը նախընտրական ելույթ էր և քարոզարշավի սկիզբը:

Անդրադառնալով ԱԺ-ում երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ծափահարություններին՝ Մարուքյանն ասաց. «Ծափի ուժգնությունը կապ ուներ ցուցակում համարի հետ, թե չէ պարզ է, որ իրենք Հայաստանի ապագային հավատացող մարդիկ չեն, իրենք պարզապես ուզում են իրենց մանդատի ապագային հավատան կամ չհավատան, այդ ծափերն ուղված էր լիդերին»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Լելե Թեփեի օպերացիայի մասին հայտարարությանը, Էդմոն Մարուքյանն ասաց. «Դու վարչապե՞տ ես, թե մոդերատոր: Մոդերացիա ով ասես կարող է անել, ժողովուրդը քեզ ընտրել է որպես վարչապետ, որպես գերագույն գլխավոր հրամանատար, դու ես որոշումներ կայացնում, գեներալները առաջարկներ են անում: Հիմա ասա՝ սխալ որոշում էր, պլանավորել էին այսպես, բայց չստացվեց, բայց ասել, որ ես մոդերացնում էի, գեներալներն են որոշել՝ դա աբսուրդ է»,-նշեց նա: