Ընտրությունները բովանդակային կլինեն միայն սահմանադրության փոփոխության արդյունքում, հակառակ դեպքում չեմ տեսնում երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործիքակազմ․ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը` խոսելով Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ընտրությունների մասին։

– Հայաստանի իշխանությունները հայտարարել են հերթական սահմանադրական բարեփոխումն իրականացնելու անհրաժեշտության մասին: Նրանց կարծիքով՝ աշնանը հարկավոր է հանրաքվե անցկացնել և վերադառնալ կառավարման կիսանախագահական ձևին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը:

– Համակարգային փոփոխություններին ուղղված ցանկացած նախաձեռնություն միայն ողջունելի է: Ես բազմիցս ասել եմ, որ գործող Սահմանադրությունը, որը գրվել է 2015 թվականին, թույլ չի տալիս ստեղծել պետական կառավարման հավասարակշռված համակարգ: Իշխանության առյուծի բաժինը պատկանում է գործադիր իշխանությանը՝ ի դեմս վարչապետի, իսկ մյուս ինստիտուտները զրկված են զսպման լուրջ մեխանիզմներից: Մինչդեռ իրական ժողովրդավարությունը մեծամասնության կամ փոքրամասնության իշխանությունը չէ, այլ՝ իշխանության հավասարակշռված համակարգը, որը պետք է ճիշտ և արդյունավետ կառավարի համազգային ներուժը:

Ինչ վերաբերում է կառավարման կիսանախագահական տարբերակին վերադառնալուն, անհրաժեշտ է ընդգծել հետևյալը՝ կարևորը ոչ թե ձևն է, այլ այն, թե ինչպիսի բովանդակություն կունենա: Կառավարման ներկայիս ձևը նույնպես իր պաշտոնական հատկանիշներով այդքան էլ վատը չէ և շատ ոգևորիչ է հնչում՝ խորհրդարանական հանրապետություն: Սակայն երբ սկսում ենք վերլուծել դրա կառուցվածքը, պարզվում է, որ այն հեռու է պառլամենտարիզմից: Դրա վառ ապացույցը գործող Սահմանադրությունն է: Ուստի, եթե խոսքը բովանդակային բարեփոխումների մասին է, ապա ես աջակցում եմ դրանց, իսկ եթե այն տեղի է ունենալու «գումարելիների տեղափոխության» բանաձևով, ապա, ինչպես հայտնի է, գումարը դրանից չի փոխվի:

– Խորհրդարանական ընտրությունները նախանշված են հունիսին: Իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական բարեփոխումը, ենթադրաբար, հանրաքվեի կդրվի աշնանը: Չե՞ք կարծում, որ տվյալ դեպքում հերթականությունն անտրամաբանական է: Եթե երկրում հասունացել է փոփոխությունների անհրաժեշտություն և՛ սահմանադրության մեջ, և՛ ընտրական օրենսգրքում, ապա ի՞նչ իմաստ ունեն ընտրությունները հունիսին:

– Ցանկացած քաղաքական գործընթաց ունի իր տրամաբանությունը: Տվյալ դեպքում տրամաբանական է այն հերթականությունը, որի դեպքում նախ անցկացվում են համակարգային բարեփոխումներ, ինչի համար անհրաժեշտ են զգալի, որակական-քանակական ռեսուրսներ: Միայն այդ բարեփոխումների, այդ թվում և՝ Սահմանադրության փոփոխության արդյունքում է հնարավոր անցկացնել ընտրություններ, որոնք բովանդակային բնույթ կունենան: Հակառակ դեպքում ունենում ենք մի իրավիճակ, երբ ընտրություններ են անցկացվում հանուն ընտրությունների: Ես այստեղ չեմ տեսնում գործիքակազմ՝ երկիրը դուրս բերելու քաղաքական, տնտեսական, սոցիալական և, ամենակարևորը, բարոյահոգեբանական ճգնաժամից: Մինչդեռ հենց դա է մեր խնդիրը՝ նորովի «գործարկել» պետությունն ու ժողովրդին: Եվ մեր բոլոր գործողությունները, իմ կարծիքով, պետք է ուղղված լինեն դրան:

– Անկախ ընտրությունների արդյունքներից՝ նախարարների նոր կամ հին կաբինետին անհրաժեշտ է լուծել հասունացած այն խնդիրները, որոնք կանխորոշեցին հայկական էլիտայի պառակտման գիծը: Կարո՞ղ եք թվարկել այն երեք առաջնահերթ խնդիրները, որոնք անհապաղ և ծայրահեղ լուծման կարիք ունեն:

– Գլխավոր խնդիրը պետության կենսունակության վերականգնումն է և ճանապարհային քարտեզի ձևավորումը, որը թույլ կտա սկսել ազգային և պետականաշինության բովանդակային գործընթաց: Սա Ձեզ կարող է շատ մշուշոտ թվալ, սակայն իրականությունն այն է, որ առանձին խնդիրներ միշտ էլ առաջացել են և շարունակելու են առաջանալ, երբ չկան լուծումներ հիմնարար խնդիրների համար: Այդ իսկ պատճառով մենք ապրում ենք «հրդեհից հրդեհ», և մշտապես մտածում ենք, թե ինչու են հրդեհներ բռնկվում, և ինչպես դրանք մարել: Այսօր գոյության նման փիլիսոփայությունը կործանարար է և տանում է դեպի անդունդ, անհրաժեշտ է գոյատևման ռեժիմից անցում կատարել կանխարգելիչ ստեղծարար ռեժիմի: Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է կարողանա կանխատեսել և կանխարգելելով զսպել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքները: