ՍԴ 8 դատավորները, որոնցից 3-ին մենք ենք ընտրել, հատկապես Խունդկարյանին, մենք ինչո՞ւ ենք ընտրել, սխալ դատավորներ ենք ընտրել, ներողություն ենք խնդրում. Անդրանիկ Քոչարյան

Սահմանադրական դատարանի դատավորները զրկեցին հասարակությանը ճշմարտությունը իմանալուց և թույլ չտվեցին հասկանալ՝ այդ գործը բացված է, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՝ ՍԴ-ի որոշմանը, առ այն, որ դատարանը հանցադեպի բացակայության հիմքով «Մարտի 1»-ի գործող դադարեցրեց քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ, քրեական գործի վարույթը կարճվեց:

«Մենք ընտրել ենք 3 դատավորների, իսկ մյուս 5-ը պատրաստված էին Հրայր Թովմասյանի գլխավորությամբ: Սահմանադրությունը տալիս է Սահմանադրական դատարանին ցանկացած հոդված ենթարկել փորձաքննության: Իմ տպավորությունը այնպիսին է, որ եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեին խուլիգանության մեջ, ապա այդ հոդվածը կճանաչվեր հակասահմանադրական, դա է այս դատավորների տրամաբանությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ դատարանը պաշտպանել է ՀՀ 2-րդ նախագահի շահերը, իսկ տուժողների շահերը մնացին անպաշտպան: «Սահմանադրական դատարանի որոշումը կայացրեցին 8 դատավորներ որոնցից 3-ին մենք ենք ընտրել։ Ինձ հետաքրքիր է, թե այս 3-ին, հատկապես Խունդկարյանին, մենք ինչո՞ւ ենք ընտրել, այսքան տարիների ընթացքում թող արտահայտվեր, որ Սահմանադրության մեջ հակասող հոդված կա: Դատարանը պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանի շահերը, բա տուժողների շահերը ո՞վ պիտի պաշտպանի»,- նշեց նա:

Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրեց ՍԴ դատավորների ընտրելու հարցում իր սխալ որոշման համար և նշեց, թե նախկին իշխանությունները կարողացել են ստեղծել դատական այնպիսի համակարգ, որը հնարավոր չէ փրկել անգամ իշխանափոխությամբ և հեղափոխությամբ:

«Ես արձանագրում եմ՝ մեր իշխանության ժամանակ մենք ընտրել ենք սխալ ՍԴ դատավորներ, մեկը ես, նույնպես սխալ ընտրություն եմ կատարել, որի համար ներողություն եմ խնդրում, բայց ես ասում եմ՝ 20 տարի շարունակ այնպիսի իրավական համակարգ էին ստեղծել և կադրային այնպիսի համալրում էր կատարվել, որ ինչքան էլ իշխանափոխությունը տեղի ունեցավ, հեղափոխության պահունակում մնացին այդ մարդիկ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: