Տեր-Պետրոսյանը պետք է իրեն թույլ չտար մասնակցել նախագահների հանդիպմանը. նման հանդիպումը դժվար թե օգտակար լիներ Հայաստանի համար

«Տեր-Պետրոսյանի հայտարարություններում ոչ մի ներքաղաքական կոնտեքստ չկա։ Տեր-Պետրոսյանն առաջին անգամ չէ նման դիրքորոշում հայտնում։ Ես ներքաղաքական ոչ մի զուգահեռ չէի տանի։ Այս հոդվածը, արտահայտած մտքերը չէի կապի նախագահների վերջին հանդիպման հետ։ Տեր-Պետրոսյանը մնում է իր տեսակետին հավատարիմ։ Այլ խնդիր է, որ այդ տեսակետը մի փոքր այլ ձևակերպումով է ներկայացվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին ու դրանում բարձրացված տեսակետներին։

Խաչատրյանի խոսքերով՝ երբ Տեր-Պետրոսյանն ասում է, թե Ղարաբաղի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, և եթե մենք դա հասկանանք որպես հարցադրում, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում՝ ունենալով ինչ-որ կարգավիճակ, ապա Ռուսաստանը հենց դրան է ձգտում։ «Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Ղարաբաղը դուրս գա Ադրբեջանի կազմից։ Ռուսաստանը ամեն ինչ կանի, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում և ունենա ինչ-որ կարգավիճակ, որը Պուտինը ազնվորեն խոստովանեց, երբ ասաց, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է։ Եթե մենք գտնում ենք, որ Ղարաբաղի հարցի լուծումը դա Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելն է, ապա ստացվում է, որ Ղարաբաղի հարցի չլուծման բանալին է Ռուսաստանի ձեռքին։ Մեր պատկերացրած լուծման առումով, Ռուսաստանի ձեռքին հարցի չլուծման բանալին է։ Իսկ Տեր-Պետրոսյանը դրա մասին բաց չի խոսում։ Այստեղ է խնդիրը, որն, ըստ Տեր-Պետրոսյանի, Ղարաբաղի հարցի լուծումը դա Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում է, իսկ ըստ տարվող քաղաքականության՝ Ղարաբաղի հարցի լուծումը Ադրբեջանի կազմից դուրս է։ Իսկ Ռուսաստանը կցանկանա, որ մենք միշտ ասենք, որ Ղարաբաղի հարցի լուծումը Ադրբեջանի կազմից դուրս է։ Ռուսաստանին ձեռք է տալիս, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում և ունենա կարգավիճակ, և մենք անընդհատ պնդենք, թե հարցի լուծումը պետք է լինի Ադրբեջանից դուրս։ Սա է Ռուսաստանի շահը»,- ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով, որ մեր շահի մասով էլ պետք է գանք ընդհանուր հայտարարի, որը ոչ մի կերպ չի ստացվում։ «Ստացվում է, որ մենք սպասարկում ենք Ռուսաստանի շահը, ոչ թե մեր»,- նկատեց Խաչատրյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Տեր-Պետրոսյանը իր այդ հոդվածով, դիտարկումներով, ըստ էության, հակադրվում է օրվա իշխանությանը, հայտարարում է, որ իր տեսակետը չի փոխել, որ Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծումը տանում է փակուղի, իսկ մեզ պետք է համաձայնության գալ Ադրբեջանի հետ Ղարաբաղի երաշխավորությունը ապահովելու տեսակետից։ Ըստ Տեր-Պետրոսյանի՝ խնդիրն այն է, որ ղարաբաղցիները ապրեն Ղարաբաղում և ունենան երաշխիքներ։ «Այդ առումով ինքը նոր բան չի ասում։ Հետևաբար, չեմ էլ կարծում, որ սա կապված է նախագահների հանդիպման հետ, որովհետև ակնհայտորեն այստեղ սկզբունքների, մոտեցումների տարբերություն կա»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ իր կարծիքով՝ Տեր-Պետրոսյանը պետք է իրեն թույլ չտար մասնակցել նախագահների հանդիպմանը։ «Ես այն կարծիքին եմ, որ Տեր-Պետրոսյանը պետք է իրեն նման բան թույլ չտար, նման հանդիպումը դժվար թե օգտակար լինի Հայաստանի համար»։