Այնպես չստացվի, որ մենք ռիսկի խմբի մարդկանց համար նոր ռիսկ ենք ստեղծում․ Սրբուհի Գրիգորյանը՝ պատվաստանյութի մասին

Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիներին օգուտ տալու փոխարեն վնաս չտանք, այսինքն, եթե մենք ռիսկի խմբի մարդկանց պատվաստում ենք, այնպես չստացվի, որ մենք ռիսկի խմբի մարդկանց համար նոր ռիսկ ենք ստեղծում։ Այս մասին Ter.am–ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սրբուհի Գրիգորյանը՝ անդրադառնալով AstraZeneca պատվաստանյութի ձեռքբերմանը։

Նա նշեց, որ շաբաթ–կիրակի աշխատանքային քննարկում են ունեցել հանձնաժողովում  և երկու օր աշխատել են նաև առողջապահության նախարարի մասնակցությամբ։ «Նախարարության փորձագետները գտնում են, որ AstraZeneca–ն, վերջին կարծիքներով, այլևս վտանգավոր չէ, և եվրոպական բոլոր պետությունները, որոնք փակել էին դրա մուտքը, արդեն բացել են այն։ Որոշ մասնագետներ գտնում են, որ այդտեղ բիզնես շահերի բախում կա, որովհետև, և AstraZeneca-ն ավելի մատչելի գնով է առաջարկվում և ավելի թանկ գնով ներկայացնողները հակագովազդ են անում»,–ասաց նա։

Պատգամավորը նաև նշեց, որ չնայած դրան՝ մասնագետները չեն կարողանում հարյուր տոկոսով համոզված լինել, որ այս պատվաստանյութն ընդհանրապես վտանգ չի ներկայացնում, քանի որ անոթների հետ կապված որոշակի խնդիրներ, այդուամենայնիվ, լինում են։

Ինչ վերաբերում է հենց այդ պատվաստանյութի ձեռքբերմանը և ոչ օրինակ Sputnik V-ի,  պատգամավորն ասաց․«Ինձ համար դա մտահոգիչ է, և քանի որ կորոնավիրուսը բացահայտված չէ, ինչ դեղանյութ էլ, որ հիմա օգտագործեն, ըստ իս, դա փորձարարական շրջան է։ Հետևաբար` մենք ո՛չ կարող ենք հաստատել մասնագետների ասածը, որոնք մեկ այս են ասում, մեկ՝ այն, ո՛չ էլ կարող ենք ժխտել, բայց ինձ համար՝ որպես պատգամավոր, մտահոգիչ է, և մենք չենք ուզի ռիսկի խմբի մարդկանց համար նոր ռիսկ դառնա այս կամ այն պատվաստանյութը»,–ասաց նա։

Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ ոչ մի պատվաստանյութի հետ կապված մենք ոչ մի դրական բան չենք կարող ասել, որովհետև մենք չգիտենք, թե դրանք մեկ–երկու ամիս հետո ինչ հետևանք կարող է թողնել առողջության վրա, դա պետք է ասեն մասնագետները։

«Ես չեմ կարող ասել, որ որևէ միտում ունի Առողջապահության նախարարությունը, բայց պետությունը մեր հարցին, թե ինչու է ներկրում AstraZeneca-ն, առաջինն ասաց, որ ավելի մատչելի գնով է այն տրամադրվում, իսկ մենք հակադարձում ենք, որ մեր քաղաքացիների առողջությունն ավելի թանկ է, քան ցանկացած գին։ Պետությունը բերում է իր երկրորդ հիմնավորումը, որ մնացած պատվաստանյութերը, պահման պայմանների հետ կապված, ավելի բարդ են։ Այսինքն՝ տեխնիկական խնդիրներ էլ են առաջ քաշում, որի հետ մենք դարձյալ համաձայն չենք, այն առումով, որ մեր քաղաքացիների առողջությունը մեզ համար թանկ է»,–ասաց նա։