Եթե ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, դրանից հետո ամբողջ աշխարհը մեր վրա ծիծաղելու է, դրանից հետո ոչ մի բան չենք կարող անել. Վազգեն Մանուկյան

Կարևորագույն հարց է բանակի վերակառուցումը, եթե ռուսական խաղաղապահ զորքը այստեղ չլիներ, մեզ հում-հում ուտելու էին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը`խոսելով պատերազմի հետևանքների մասին:

«Պատերազմը հաղթեցին Ադրբեջանը և Թուրքիան, ընդհանրապես հաղթողը լինում է ավելի մեծահոգի, պարտվողը լինում է վրեժխնդիր, իսկ ի՞նչ է կատարվում հիմա. Ադրբեջանը հայտարարում է` Սյունիքը, Երևանը պետք է վերցնենք, մյուս կողմից էլ ասում են բարեկամություն անենք Ադրբեջանի և Թուրիքիայի հետ, մեկ-երկու օլիգարխ էլ կան, որ թքած ունեն Հայաստանի վրա, ճանապարհը բացեն Թուրքիայի հետ, բենզին բերեն, հարստանան, անուններով էլ գիտեք այդ մարդկանց»,-ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ ժողովուրդը պետք է վերականգնի իր ինքնավստահությունը, և առաջին քայլը, որ պետք է անի, Նիկոլ Փաշինանին իր գահից գցելն է, որը լինելու է առաջին հաղթանակը:

«Ոչ մի ընտրություն այդ հարցը չի լուծելու, Հայաստանը այս բզկտված վիճակում պատրաստ չէ ընտրությունների և ընտրությունները խորացնելու են ճգնաժամը,  ոչ թե լուծելու են: Երկրորդ`մենք մեր առջև և մյուս երկրների առջև խայտառակ կլինենք, եթե Նիկոլ Փաշինյանը, երկիրը կործանելուց հետո, ինքը ղեկավարի  ընտրությունները, դրանից ավելի խայտառակություն չի կարող լինել: Չեմ ասում նաև այն, որ ինքն ընտրությունների ժամանակ տոկոս կհավաքի և կստացվի, որ երկիրը կործանվեց, իսկ եթե ինքը դառնա վարչապետ, դրանից հետո ոչ միայն մենք մեզ չենք հարգի, այլ ամբողջ աշխարհը մեր վրա ծիծաղելու է, մենք դրանից հետո ոչ մի բան չենք կարող անել»:

Մանուկյանը նշեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացրած ծրագիրը, որն է՝ փոխել վարչապետին և մեկ տարի ժամականավոր կառավարություն ստեղծել, միակ ճիշտ ծրագիրն էր վիճակը կայունացնելու համար. «Դուր չի՞ գալիս վարչապետի թեկնածուն, փոխենք, դուր չի՞ գալիս մեկ տարին, կարճացնենք կամ երկարացնենք, 17 կուսակցություններն, որոնք հիմնադրեցին արդյունավետ չե՞ն աշխատում, փոխենք ֆորմատը: Կարևոր է ունենալ տեսլական, թե ինչ երկիր ենք ուզում կառուցել, հիմքերը դնել, նոր գնալ ընտրությունների, այդ պատճառով ես կտրականապես դեմ եմ այս ընտրություններին»:

Դիտարկմանը, թե արդյո՞ք հնարավորություն կա, անցում կատարելու պլան Բ-ին, որի մասին պարբերաբար խոսել եք, և տպավորություն է, որ այդ ծրագրին կողմ են իրենք և Դաշնակցությունը, և հարցին, թե Դուք խոսեցիք հիասթափության մասին այդ հիասթափությունը նրանից է, որ շարժման մաս կազմող ուժերը իրենց ողջ ռեսուրսը չդրեցի՞ն և սկսեցին բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ, Մանուկյանը պատասխանեց, որ  մարդկային, ֆինանսական ռեսուրսներն այնքան մեծ դեր չեն խաղում, որքան քաղաքական ճիշտ որոշումներն, իսկ ինչ վերաբերում է պլան Բ-ին, դա օդում կախված մի պլան է, որ եթե չլինի փողոցով և ընտրությունով, կլինի պլան Բ-ով. «Մենք գործ ունենք ոչ լեգիտիմ իշխանության հետ, եթե ժողովուրդը համաձայն չէ իշխանության հետ, իշխանությունը կորցնում է իր լեգիտիմությունը, պատերազմից հետո ինքը կորցրել է իր լեգիտիմությունը: Ամեն օր ինքը խախտում է Սահմանադրությունը: Մենք հիմա փրկում ենք երկիրը, երկիրը փրկելու համար բոլոր միջոցները թույլատրելի են, բայց միշտ սկսում ես թույլ միջոցներից, և հետո անցնում ես ուժեղ միջոցների»:

Tert.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք փրկում երկիրը, շատերն ասում են, որ ձախողել եք, արդյունք ունե՞ք, Մանուկյանը պատասխանեց, որ շարժման շնորհիվ է, որ մարդկանց աչքերը բացվեցին և բազմաթիվ կազմակերպություններ պահանջեցին Նիկոլ Փաշինան հրաժարականը: «Այն, որ երկրի նախագահը, եկեղեցին, Օնիկ Գասպարյանը պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը,  դա շարժման արդյունքն է: Նույնիսկ այս ընտրությունները, որ նշանակել է Նիկոլ Փաշինյանը,  որը դեռ պարզ չէ, կարող է բլեֆ է անում, էլի ճնշման արդյունք է, բայց վերջնական արդյունք մենք դեռ չենք ստացել»: