Փաշինյանին չի մտահոգում ո՛չ ժողովրդի հոգեվիճակը, ո՛չ ստեղծված իրավիճակը․ նրա օրակարգում միայն մեկ հարց կա՝ ամեն գնով պահել իշխանությունը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Պաշտոնապես Փաշինյանի այցերը չեն կոչվում քարոզարշավ, բայց, եթե խոսենք թույլատրելիության մասին, ապա կտեսնենք, որ ընդհանրապես անթույլատրելի է ստեղծված իրավիճակում այս քաղաքական գործիչների նման ակտիվությունը, այսինքն` պատասխանատվության մասին խոսելու փոխարեն, նա փորձում է քաղաքական կարիերա ստեղծել: Մարդը զուրկ է բարոյական և այլ տիպի պատասխանատվության զգացումից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ համայնքներ այցելելու մասին:

«Երկրորդ տեսակետից էլ անթույլատրելի է հանրության նման արձագանքը, ընկալումը․ դավաճանին աղ ու հացով են դիմավորում: Հասկանում եմ, որ մի փոքր ծայրահեղ կարող է թվալ այս ամենն անթույլատրելիների շարքերում դասելը, բայց պետք է դրա կողքին դնենք այն ազգային աղետը, որի պատճառը դավաճան Նիկոլն է և այն կորուստները, որը նա է «մատուցել» մեր ժողովրդին և հասկանանք, որ այս ամենն իսկապես անթույլատրելի է»,-ասաց նա:

Քաղաքագետը համաձայնեց դիտարկմանը, թե Փաշինյանը գուցե, նման այցերով փորձում է հասկանալ, թե հանրության քանի տոկոսնն է իր կողքին և արդյոք արժե գնալ ընտրությունների:

«Փաշինյանին հավատալու որևէ հիմք չկա և եթե նա ասում է, որ պետք է ընտրությունների գնա, դրան միանշանակ հավատալ պետք չէ: Նրա օրակարգում միայն մեկ հարց կա՝ ամեն գնով պահել իշխանությունը, ըստ էության, սա է պատճառը, որ կարող է գնալ և փորձել հասկանալ, թե որքան է ընտրությունների միջոցով իշխանությունը պահելու հավանականությունը»:

Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Փաշինյանին չի մտահոգում ո՛չ ժողովրդի հոգեվիճակը, ո՛չ ստեղծված իրավիճակը, և Փաշինյանի միակ մտահոգությունն իր իշխանությունն է, իր այն ռեսուրսներն են, որոնցով այսօր նա փորձում է անել այն, ինչը ուզում է:

«Ժողովուրդը Նիկոլի համար իրականում որևէ նշանակություն չունի և դա երևում է նրա պոպուլիստական քայլերից, հայտարարություններից, թե սխալվելու դեպքում պատրաստակամ է խոնարհաբար պատի տակ գնդակահարվել: Ունենք փաստ, որ նա գնդակահարեց մի ամբողջ սերունդ և իր ապիկար իշխանությամբ շարունակում է մեծ հարվածներ հասցնել երկրին»,– ասաց նա:

Քաղաքագետը չի բացառում, որ հանրության որոշ զանգված աջակցում է Փաշինյանին, սակայն դա այն ծավալը չէ, որը նա փորձում ներկայացնել: «Որպես կանոն, սա այն զանգվածն է, որը չի հասկանում աղետի մասշտաբները և նրանք հանրության խաբված մասն են: Իրականում, նրա հետ հանդիպումներին քաղաքացիներ են հավաքվում վարչական ռեսուրսներով, ինչպես տեսանք, երեխաների են բերում, բայց քաղաքացիները չեն էլ հասկանում, որ Նիկոլին ոչ թե նրանց աջակցությունն է պետք, այլ նրանց ներկայությունը, որպեսզի նա հետագայում ցույց տա դա որպես աջակցություն՝ իշխանությունը զավթելու համար: Ժողովուրդը նրան չի ընտրելու, բայց նա կարող է իշխանությունը զավթել այնպես, ինչպես զավթել և զավթում է շատ այլ կառույցներ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններին տեսնի այն պատկերը, որը նրան հաճելի է։