Պետք է Հայաստանը ներքաղաքական ճգնաժամից դուրս գա, որպեսզի տնտեսությունը զարգացնի․ Բագրատ Էստուկյան

Թուրքիայում հրապարակվող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ եթե հաշվի ենք առնում, որ Ադրբեջանը ղարաբաղյան պատերազմում հասել է իր ուզածին, նշանակում է, որ Թուրքիան էլ է բավարարված։

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Թուրքիայի մշտական ցակությունն է Հարավային Կովկասում խարիսխ ունենալը, ինչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան թույլ չի տա։ «Թուրքիան երևի թե հիմա բավարարվել է միայն այստեղ դիտորդի կարգավիճակ ունենալով»,- ասաց նա։

Անդրադառնալով քննարկումներին, որ Թուրքիան գուցե փորձի հայկական կողմից կորզել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված զիջումներ, Բագրատ Էստուկյանը նշեց, որ դա Թուրքիային չի հաջողվի։ «Դա մեր ազգի համար կարևոր խնդիր է։ Բայց իհարկե, չպետք է նաև կառչած մնանք այդ խնդրին, պետք  մտածենք նաև երկիրը տնտեսապես զարգացնելու մասին»,- ասաց նա։

Իսկ երկրի զարգացման մասին՝ նա նկատեց, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանում մտածել։ «Այս պահին կարծես դրա հնարավորությունը չկա։ Պետք է ներքաղաքական ճգնաժամից դուրս գալ, որպեսզի տնտեսությունը զարգացվի, ապա դիվանագիտական ճանապարհով հատկապես Արցախի պատերազմից հետո աշխատանքներ տանել հայկական դիրքերի համար»,- ասաց նա։

Բագրատ Էստուկյանը համաձայնեց, որ Ադրբեջանն այժմ էլ հայաստանյան սահմանների հետ կապված ցանկություններ ունի, նշեց, որ Թուրքիան կցանկանա օգնել իր եղբորը, սակայն միջազգային իրավիճակը նրան դա արդեն թույլ չի տա։ «Եթե Թուրքիան միջազգային աջակցություն ստանա, ամեն ինչ էլ կանի»,- ասաց նա։

Անդրադառնալով այս փուլում Թուրքիայի և Հայաստանի դաշնակից Ռուսաստանի մտերմությանը, պոլսահայ խմբագիրը նշեց, որ դա շատ ժամանակավոր կարող է լինել։ Հիշատակեց պատմական փորձը, երբ երկուստեք միմյանց դեմ արված գործողություններից՝ ռուսական ինքնաթիռի խոցումից, Թուրքիայում ռուս դեսպանի սպանությունից հետո երկու երկրները կարողացան նորից բարելավվել միմյանց հետ հարաբերությունները և նոր գործարքի՝ ռուսական Ս-400-ների վաճառքի շուրջ համաձայնություն ձեռք բերել։

«Բայց այդ ամենը խիստ ժամանակավոր է, որոշակի պայմանների փոփոխության ժամանակ կարող է շրջվել, հետևաբար հարատև բարեկամության մասին խոսել պետք չէ։ Երկուսն էլ միմյանց չեն վստահում, ո՛չ Էրդողանն է վստահում Պուտինին, ոչ էլ Պուտինը Էրդողանին»,- ասաց նա։