ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ստեփան Գալստյանը

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ Կառավարության կայքում այսօր հայտարարություն էր տարածվել, որով ասվում էր, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:

Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ Օնիկ Գասպարյանը, որում նշում էր, որ Իր դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են․ դիմել եմ ՀՀ վարչական դատարան։

Օնիկ Գասպարյանի հայտարարությունից հետո հայտարարություն տարածեց նաև Գլխավոր շտաբը՝ նշելով, որ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։

Նշենք նաև, որ Ստեփան Գալստյանը ստորագրել էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությունը: