Եթե լիներ ռազմական հեղաշրջման փորձ, ապա այն եղած կլիներ, հրաժարականի պահանջը ռազմական հեղաշրջման փորձ չէ․ Վարդան Աթաբեկյան

Երեկ Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով և հայտարարությամբ ցույց տվեց, որ ռազմական հեղաշրջման մտավախություններ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Վարդան Աթաբեկյանը:

«Եթե լիներ ռազմական հեղաշրջման փորձ, ապա այն եղած կլիներ, եթե պահանջում ես հրաժարական, ապա դա ռազմական հեղաշրջման փորձ չէ, միգուցե ունես կասկած այդ հարցում և ձևակերպումը տաս՝ մտավախություն կա, որ արվում է ռազմական հեղաշրջման փորձի»,- ասաց Վարդան Աթաբեկյանը:

Վարդան Աթաբեկյանի հավաստմամբ՝ երեկ պետական պաշտոնյաները հրապարակում զանգված են ապահովել, և մի քանի տարի առաջվա հրապարակը բավականին տարբերվում էր երեկվա Հանրապետության հրապարակից:

«Երբ ժողովուրդը երեկ գար և աջակցեր, ամեն բան այլ կլիներ, բայց երբ այնտեղ էին պետական պաշտոնյաներ, դա այդքան էլ թույլատրելի չէ ․․․ Այն հրապարակում, որում ժամանակին հարցեր էին լուծվում, հիմա բավականին տարբերվում է երեկվա հրապարակից, հատկապես քանակով և որակով»,- ասաց Վարդան Աթաբեկյանը:

Նրա կարծիքով, եթե ԶՈՒ գլխավոր շտաբն է հայտարարությամբ հանդես գալիս, միանշանակ մտավախությունների կարիք կա: «Գլխավոր շտաբը սովորական կառույց չէ և եթե Գլխավոր շտաբն է քո հրաժարականը պահանջում, դու կարող ես վախ ունենալ, որ այդտեղ կա ռազմական հեղաշրջման տարր: Վարչապետը երեկ փորձում էր ցույց տալ՝ ինչքան մարդ է իրեն սատարում և դրանով կանխում էր հեղաշրջման փորձը»,- ասաց նա:

Վարդան Աթաբեկյանի խոսքով՝ երկու ուժերն էլ երեկ կարողացան խուսափել քաղաքացիական պատերազմից, քանի որ շարժվեցին տարբեր ուղղություններով:

«Երեկ երկու ուժերն էլ հնարավորինս տարբեր ուղղություններով շարժվեցին, որ որևէ բախում չլինի, բայց վերջում պարզ դարձավ՝ ում և ինչ զանգվածներ են սատարում: Քաղաքացիական բախում չի լինի, քանի որ կարծում եմ՝ երկու կողմերն էլ հասկանում են, որ քաղաքացիների բախումը լավ հետևանք չի ունենա, իսկ մեր երկիրը մեկ անգամ դրա միջով անցել է, և դա գիտակցելով՝ այս անգամ այդ քայլին չեն գնա»,- մեկնաբանեց նա:

Վարդան Աթաբեկյանը նաև ընդգծեց, թե չի հասկանում ի՞նչ է նշանակում «վերջ թավիշին» արտահայտությունը, որը երեկ Հանրապետության հրապարակից 3 անգամ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը:

«Այն պրոցեսները, որոնք պետք է կատարվեին երկիրը բարվոք վիճակի բերելու համար, թավիշի պարագայում ևս կարող էին իրականացվել և վստահաբար դա չէ խոչընդոտ: Ի՞նչ է նշանակում «վերջ թավիշին», ես չեմ հասկանում, բայց մի բան գիտեմ՝ երկու դաշտում էլ լարված իրավիճակ է և եթե ճիշտ քայլեր ձեռնարկվեն, ապա կլինի կուլմինացիա, քանի որ այս վիճակով երկիրը շատ է տուժում»,- ասաց Վարդան Աթաբեկյանը: