Արցախի միավորումը Հայաստանին այլընտրանք չունի․ Մանե Թանդիլյան

1988թ. փետրվարի 20-ին սկիզբ առած ղարաբաղայան շարժումը, որի նպատակը Արցախի միավորումն էր Հայաստանին, հայ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձություններից է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

«Շարժումը ցույց տվեց հայ ժողովրդի միասնականությունը, որը հանդիսացավ արցախյան առաջին պատերազմի հաղթանակի կարևորագույն գրավականներից։

Ցավոք, հետագա տարիներին այդ միասնականությունը ոչ միայն ջլատվեց, այլ նաև վերածվեց հասարակության անհանդուրժողականության, անտարբերության։

Արցախի միավորումը Հայաստանին այլընտրանք չունի, իսկ Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ 33 տարի առաջ որդեգրած արժեքները տարիների ընթացքում մսխելով՝ մեզ հասցրեց ողբերգական հանգրվանի։

Մենք ևս մեկ անգամ սխալվելու, ժամանակ վատնելու հնարավորություն չունենք։ Պատմության այս ծանր հարվածին դիմակայելու միակ ռեսուրսը միասնական ուժի և մտքի վերածնումն է։

Մեր ապագա մտքերն ու քայլերը պետք է ուղղել Արցախի միավորմանը Հայաստանին, իսկ ամենօրյա աշխատանքը՝ մեր միասնական հայրենիքի երկու մասերի առավելագույն ինտեգրմանը։

Արցախն ապրելու ու վերածնվելու է նորովի՝ կերտելով հայոց պատմության բացառիկ էջը՝ հանուն հայ ժողովրդի նվիրական երազանքի»,- գրել է նա։