ԱԱԾ աշխատանքի ընդունվելու պայմանները և պահանջները

ԱԱԾ աշխատանքի ընդունվելու պայմանները և պահանջները՝ ստորև․

1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մինչև 30 տարեկան այն անձը, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով , այլ օրենքներով և իրավական ակտերով:

3. Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար ՀՀ ԱԱԾ տնօրենի թույլտվությամբ բացառիկ դեպքերում (կոնկրետ հաստիքի համար պահանջվող առավել բարձր մասնագիտական որակավորման, կարողությունների, հմտությունների, այլ ունակությունների առկայության) կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:

4. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվելու մյուս պահանջներին համապատասխանող, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած հետևյալ քաղաքացիները նույնպես կարող են ընդունվել ծառայության`
– իգական սեռի քաղաքացիները.
– բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձինք, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները.
– գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող և պահեստազորում գրանցված քաղաքացիները, եթե նրանք զբաղվում են մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ.
– պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձինք, որոնց շրջանակը սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով:

5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սպայական պաշտոններում ծառայության ընդունվում են միմիայն բարձրագույն կրթության, իսկ ենթասպայական պաշտոններում՝ առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:

6. Թեկնածուն պետք է վարժ տիրապետի հայերեն բանավոր և գրավոր խոսքին:
Օտար լեզուների լավ իմացությունը ցանկալի է:

7. Թեկնածուի անձնական, գործնական և բարոյական հատկանիշները ներառում են`
– հայրենասիրությունը,
– ազնվությունը,
– օրինապահությունը,
– հավատարմությունը զինվորական երդմանը,
– գաղտնապահությունը,
– համեստությունը,
– բարյացակամությունը,
– օբյեկտիվ ինքնագնահատման ընդունակությունը,
– աշխատասիրությունը,
– կամային բարձր հատկանիշները,
– համարձակությունը,
– հնարամտությունը,
– բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունը,
– հոգեկան կայունությունը,
– մարդկանց հետ շփվելու և աշխատելու ունակությունը,
– կարգապահությունը,
– անձնվիրությունը:

8. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող թեկնածուների ֆիզիկական պատրաստությանը ներկայացվող պահանջները`

9. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար թեկնածուների բժշկական հետազոտությունն ու առողջական վիճակի համապատասխանության ստուգումն իրականացվում է ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովում: Բժշկական հետազոտությունը ներառում է նաև թմրամոլության, ալկոհոլամոլության, սեռավարակների և այլ հիվանդությունների առկայության ստուգումը, ինչպես նաև հոգեբանական թեստավորումը:

10. Թեկնածուները, սահմանված կարգով անցնում են նաև պոլիգրաֆի (ստի դետեկտորի) կիրառմամբ հետազոտություն:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի`
– ծառայությունը համատեղել այլ վճարովի աշխատանքի հետ, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական գործունեությամբ զբաղվելուց, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է ծառայողական անհրաժեշտության հետ).
– լինել Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ.
– անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև օժանդակել այդպիսի գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և քաղաքացիներին.
– լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
– հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
– ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ազգային անվտանգության մարմինների նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
– ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
– լինել որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ.
– պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.
– կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:

2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ազգային անվտանգության մարմինների ծառայողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող ուսումնական հաստատություններում` միայն հեռակա ուսուցման ձևով` ՀՀ ԱԱԾ տնօրենի թույլտվությամբ:

Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվողների մասնագիտական պատրաստության կազմակերպումը

1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կադրերի համալրումն ապահովելու համար նաև կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների ուսուցում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայում, Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտներում, ինչպես նաև Պահպանության դաշնային ծառայության ակադեմիայում (ք. Օրյոլ), որոնք ռազմաուսումնական հաստատություններ են:

2. ՌԴ ԱԴԾ ակադեմիայում և Կուրգանի սահմանապահ ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են իրավաբանի, իսկ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում և ՊԴԾ ակադեմիայում (ք. Օրյոլ)` ինժեների որակավորում, որից հետո նրանց շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում և ծառայության են անցում ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումներում և սահմանապահ զորքերում:
Ուսման տևողությունը 5 տարի է: Այդ ընթացքում ունկընդիրներն ու կուրսանտներն ապահովվում են բուհերի տարածքում տեղակայված հանրակացարանով, անվճար սննդով և կրթաթոշակով:

3. Ընդունելությանը կարող են մասնակցել ստորև նշված, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձինք, ովքեր վարժ տիրապետում են հայերենին և ռուսերենին, իրենց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ և անձնական հատկանիշներով համապատասխանում են ՀՀ ԱԱԾ զինծառայողին ներկայացվող պահանջներին`

– ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտները.
– միջնակարգ կրթություն ունեցող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 23 տարեկան անձինք.
– ավագ դպրոցն ավարտած, սակայն 18 տարին չլրացած անձինք.
– ավագ դպրոցն ավարտած, 18 տարին լրացած, սակայն օրենքով սահմանված կարգով զինծառայությունից տարկետում ստացած անձինք:

4. Թեկնածուների բժշկական հետազոտությունն ու առողջական վիճակի համապատասխանության ստուգումը իրականացվում է ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովում և ներառում նաև թմրամոլության, ալկոհոլամոլության, սեռավարակների և այլ հիվանդությունների առկայության ստուգումը, ինչպես նաև հոգեբանական թեստավորումը:
Թեկնածուները, սահմանված կարգով անցնում են նաև պոլիգրաֆի (ստի դետեկտորի) կիրառմամբ հետազոտություն:

5. Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` ՀՀ ԱԱԾ-ում անցկացվող համապատասխան բարդության աստիճանի հետևյալ քննությունների արդյունքների հիման վրա`
– ֆիզիկական պատրաստվածության ստուգում` հետևյալ ցուցանիշներով`

– հարցազրույց ռուսերենով.
– ռուսերեն (գրավոր` թելադրություն).
– հայերեն (գրավոր` թելադրություն).
– մաթեմատիկա՝ ՌԴ ԱԴԾ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտ և ՌԴ ՊԴԾ ակադեմիա (ք. Օրյոլ) ընդունվողների համար.
– ֆիզիկա՝ ՌԴ ՊԴԾ ակադեմիա (ք. Օրյոլ) ընդունվողների համար.
– օտար լեզու (բանավոր)՝ ՌԴ ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտ ընդունվողների համար:

6. Դիմումներն ընդունվում են հունվարի 15-ից մինչև մարտի 15-ը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԱԱԾ ընդունարան` ք. Երևան, Նալբանդյան 104 հասցեով կամ զանգահարել 010 58 90 89 կամ 015 57 91 77 հեռախոսահամարներով: Իսկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայության ընդունվելու հարցերով` 015 36 35 24:

Իրավաբան.net