Թեհրանը, Մոսկվան ու Բաքուն սկսում են երկաթուղային ճանապարհի կառուցման բանակցությունները

Իրանական երկաթուղիների ղեկավարությունը փետրվարին կայցելի Ռուսաստան՝ հանդիպելու Ռուսաստանի երկաթուղիների գործընկերների հետ։ Նախատեսվում է քննարկել Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհի կառուցման հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Փետրվարին Ռուսաստան կժամանի Իրանի երկաթուղիների ղեկավարը, բանակցություններ կանցկացնի ռուս գործընկերների հետ՝ քննարկելու երկաթուղու կառուցումը Չաբահար նավահանգստից Զահեդանով, ինչպես նաև Ռաշթով և Աստարայով դեպի Սանկտ-Պետերբուրգ։ Երկու հատված կա, որոնց կառուցումը պետք է ավարտին հասցնել․․․ երկրորդ հատվածը ցանկանում էին ֆինանսավորել ադրբեջանցիները, և վերջերս Բաքուն հայտարարեց, որ կարող է սկսել ֆինանսավորումը։ Մենք հույս ունենք` Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի բանակցությունների շրջանակում մենք կկարողանանք իրականացնել այդ նախագիծը»,-հայտարարել է դեսպանը «Ռոսիա Սեգդնյա» ՄՏԳ-ում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Հիշեցնենք`2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

armeniasputnik.am