Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ սահմանազատում չի եղել․ որ քարտեզի մասին է խոսում Ավինյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում երբեք չի իրականացվել, խորհրդային շրջանի վարչական սահմանները որպես հիմք ընդունելը սխալ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ազգային արխիվի նախկին ղեկավար Ամատունի Վիրաբյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանին (մասնավորապես` Սյունիքում) սահմանապահների և զինված ուժերի տեղակայման համար օգտագործվում են 1975-1976թթ. ռազմական քարտեզները՝ 1։50000 մասշտաբով։ Նրա խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները կկատարվեն ավելի ուշ։

Վիրաբյանի խոսքով` արխիվում պահպանվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև 1980-ականներին քննարկված վիճելի հատվածներին: Այն ժամանակ հանձնաժողովը ղեկավարում էր Վլադիմիր Մովսիսյանը։ Ինչ վերաբերում է այլ հատվածների քարտեզներին՝ ինքը դրանց  ծանոթ չէ։

«Ես ծանոթ եմ 1944-1946թթ․քարտեզներին։ Ենթադրում եմ, որ դրանք (ավելի ուշ շրջանի քարտեզները՝ խմբ․) վերջերս են ստացել Մոսկվայից։ Գիտե՞ք, իրականում Ադրբեջանի հետ սահմանազատում երբեք չի եղել։ Դա ենթադրում է երկկողմ հանձնաժողովի ներկայություն, որն անցնում է կոնկրետ տարածքով և որոշում՝ այս քարը ձեր տարածքում է, մյուսը՝ մեր տարածքում։ Եվ սյուներ է դնում»,-ասաց Վիրաբյանը։

Բանն այն է, որ այնտեղ վարչական սահման է եղել, իսկ սահմանազատումը շատ բարդ ու երկար գործընթաց է։

Նա ուշադրություն հրավիրեց, օրինակ, այն հանգամանքի վրա, որ թեև Հայաստանն ու Վրաստանը անկախ են 1991 թվականից, բայց գործընթացը մինչ օրս չի ավարտվել։ Իսկ Ադրբեջանի հետ այդ գործընթացը երբեք տեղի չի ունեցել։ Եղել են վիճելի տարածքներ, հարցերը լուծվել են համահավասարության հիման վրա։

«Հայաստանի և Ադրբեջանի համար պետք է ստեղծվի տարբեր քարտեզների 1000 էջանոց հավաքածու՝ յուրաքանչյուր 5 կմ-ի համար առանձին քարտեզով: Պատկերացրեք, թե քանի քարտեզ պետք է նախապատրաստել: Միայն մեկ քարտեզը որպես հիմք ընդունելը սխալ է, մանավանդ որ դրանցից ոչ մեկում մանրամասն սահմանազատում չկա»,-նշել է արխիվի տնօրենը։

Վիրաբյանին հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի փաստագրական բազայի հետ։ Ընդ որում, նա նշեց, որ այնտեղից ոչ մի քարտեզ կամ նախագիծ արխիվ չի փոխանցվել։ Արխիվի նախկին տնօրենի խոսքով՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արխիվից հազարավոր էջեր, փաստաթղթեր, քարտեզներ, այդ թվում՝ Սոթքի վերաբերյալ, սկանավորվել և սկավառակների վրա փոխանցվել են շահագրգիռ գերատեսչություններին՝ պաշտպանության նախարարությանը, տարածքային կառավարման նախարարությանը և արդարադատության նախարարությանը:

Իր հերթին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար Արամ Ստեփանյանը հայտարարեց, որ նշված տեղագրական քարտեզները՝ խոշոր մասշտաբներով, սովորաբար գաղտնի են եղել:

«Ինտերնետում հասանելի են 1:100 000 մասշտաբի քարտեզները, բայց նախկինում դրանք նույնպես հասանելի չէին։ Իսկ 1։50 000 քարտեզներ ես չեմ տեսել։ Ընդ որում, Կադաստրի կոմիտեում թվայնացված այդպիսի քարտեզները բերվել են կոորդինատային բաց համակարգի, որպեսզի դրանք հասանելի լինեն քաղաքացիների համար»,-ասաց Ստեփանյանը։

Այդ քարտեզների չափը պատկերացնելու համար նա օրինակ բերեց Հայաստանի 1։500 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, որոնք 4 մասից են բաղկացած։ 1։100 000-ի դեպքում՝ 124 մասից։

Քարտեզները տարբեր տարիների թարմացվել են։ Փոփոխվել է տեղանքը, բայց սահմանների հարցում գլոբալ փոփոխություններ հազիվ թե եղած լինեն։ Նրա կարծիքով՝ այդ քարտեզները չեն կարող հիմք ծառայել սահմանագծման և սահմանազատման համար։

«Պետք է հանձնաժողով ստեղծել, որից հետո միայն կարելի է սկսել աշխատանքները։ Առավել ևս՝ հնարավոր չէ այդ աշխատանքների համար միայն քարտեզներ օգտագործել»,-նշեց Ստեփանյանը։

Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Ստեփանյանը նշել էր, որ ՀՀ իշխանությունները պետք է «սառեցնեն» Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքները, մինչև որ մասնագետները որոշեն նոր սահմանները։

armeniasputnik.am