Լիլիթ Մակունցը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով։

Այս մասին Իրավաբան.net-ը  տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 23-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին։

Ենթադրվում է, որ  հայցի պատճառը դեկտեմբերի 9-ին Գառիկ Իսագուլյանի մամուլի ասուլիսի ժամանակ արված այն հայտարարությունն է, թե հեղափոխության շատ մասնակիցներ՝ այդ թվում Մակունցը, մինչև հեղափոխությունը հաճախ մեկնել են Թբիլիսի՝ ԱՄՆ դեսպանատան միջոցով հանդիպելու ադրբեջանցիների և թուրքերի հետ։ Իսագուլյանը հայտնել է նաև, թե իբր այդ անձանց միջոցով Հայաստան գումարներ է եկել։ Բացի այդ, նա հայտարարել է, թե անձամբ Լիլիթ Մակունցը փորձել է այս գործում ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին, սակայն, վերջինս հասկանալով՝ ինչի մեջ են ուզում ներքաշել, հրաժարվել է:

Իրավաբան.net