«Իմ քայլը» չի արձագանքել մեր կոչին, հրապարակելու ենք խմբակցության բոլոր պատգամավորների անունները ու քաղաքացիները ազատ են լինելու իրենց գործողություններում ու որոշումներում. Իշխան Սաղաթելյան

Մենք միասին «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ էինք տվել, որ մինչև ժամը 18:00-ն պատրաստ ենք հանդիպել խմբակցության ղեկավարության հետ՝ միասին քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: Ցավոք, այս մարդիկ այս պահին ևս չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք: Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անունները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում: Եթե հանրային պահանջը իրենք չեն գիտակցում, ուրեմն ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից ու պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, մենք միասին պետք է հասկացնենք։ Մենք պատրաստ ենք շուրջօրյա հանրահավաքների և ցույցերի։ Եթե մեր պահանջն այսօր չի բավարարվելու, մենք գիշերը մնալու ենք հրապարակում: Հանրահավաքը շարունակվում է, տրամադրվեք, մեզնից մի մասը գիշերելու է այստեղ, վաղվա քայլերի ու գործողությունների մասին կասենք ավելի ուշ։ Հաղթանակը շատ մոտ է»,- նշեց Սաղաթելյանը։

Իրավաբան.net