Նիկոլ Փաշինյանը մինչև 2021 թ. չի մնա, նա չի գնում քանի որ վախենում է կենդանի չմնալ, ինքս կրծքով կպաշտպանեմ նրան, որ լինի արդար դատաստան. Հրանտ Բագրատյան

Նիկոլ Փաշինյանը մինչև 2021 թվականը չի մնա իշխանության, այսօր նա ձերբակալել է Գորիսի քաղաքապետին, դուք տեսնում եք ժողովուրդը նրան չթողեց Կապան և Գորիս մտնի, ժողովուրդը հետո չի թողնելու, որ նա տուն մտնի, նա մնալու է անտուն: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հիշո՞ւմ եք Պագանին ոնց մեռավ, նրան եկեղեցին թույլ չէր տալիս թաղել, վախենամ, նա էլ այդպես հանգրվան չգտնի: Այո, Նիկոլ Փաշինյանը փորձում է մնալ, գուցե ընդդիմությունը, նաև ես ինչ-որ մի բան սխալ արեցինք, կարծում է, եթե հրաժարական տա, բարձրանալու է իր կենդանի մնալու գինը: Ե՛վ Նիկոլ Փաշինյանին, և՛ Արմեն Սարգսյանին, որ առնչություն ունեն դավաճանության հետ, ինքս կգնամ կպաշտպանեմ, որ լինի կարգին դատ ու դատաստան»,- հայտարարեց Բագրատյանը:

Նա նշեց, որ մենք պետք է կարողանանք մեզ դրսևորել որպես քաղաքակիրթ երկիր, բայց նա վախենում է կենդանի չմնալ: «Ես, անպայման, կպաշտպանեմ նրան կրծքով, որ նա դատարանում դատվի, այդ դատը պետք է տևի տարիներ, հայ ժողովուրդը պետք է տեսնի սա, սա պետք է դաս լինի»,- շեշտեց նա և հավելեց.

«Հիմա սա դաս չի կարող լինել, որովհետև ընկալվում է որպես մի անհաջող գործողություն, կոմպլեքս են ստեղծում հայ ժողովրդի մոտ, որ մենք, մեր զինվորն ավելի թույլ էինք, դրա համար պարտվեցինք, իսկ դա այդպես չէ»:

tert.am