Անհետ կորածներին փնտրող խմբերի թիվն ավելացվել է, 6000 պայթունավտանգ առարկա է վնասազերծվել

Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակվում է զոհերի մարմինների փոխանակումը, ինչպես նաև անհետ կորածների որոնումը:

 Խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Ղարաբաղում ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա են վնասազերծել՝ մաքրելով մոտ 200 հեկտար տարածք։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել կողմերի հաշտեցման կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպյոլկինը։

«Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս սակրավորները 195 հեկտար տարածք և 60 կմ ճանապարհ են մաքրել չպայթած ականներից և արկերից», – ասել է նա։

Կենտրոնի պետի տեղակալը նաև տեղեկացրել է, որ ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել 558 բնակչի, այդ թվում՝ 67 երեխայի:

Նա հավելել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակվում են զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնման աշխատանքները:

«Արդյունավետությունը մեծացնելու համար որոնողական խմբերի քանակն ավելացվել է` 3–ից հասնելով 5-ի», – ընդգծել է Պերեպյոլկինը։

Նա նշել է, որ անհետ կորածների մասին տվյալների հավաքագրման թեժ գծով ավելի քան 490 դիմում են ստացել:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

armeiasputnik.am