Ռուսաստանը, կարողանալով առիթից օգտվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ամենաճգնաժամային պահին, ևս մեկ անգամ ցույց տվեց իր ուժը Հարավային Կովկասի տարածաշրջանում և իր՝ այս անհանգիստ տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր կարևոր գործընթացների վրա ներազդելու ունակությունը: Այս մասին EADaily-ի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների թեկնածու, XXI դարի տեխնոլոգիաների աջակցության հիմնադրամի զարգացման տնօրեն, վերջերս հրատարակված «Կովկասյան շախմատի տախտակ» գրքի հեղինակ Իվան Կոնովալովը:
Ըստ նրա՝ բոլոր խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանը վերջնականապես վտարվել է Անդրկովկասից, իրականությանը չեն համաապատասխանում. «Այստեղ ՌԴ-ի համար կորուստ չկա, ընդհակառակը, տեսանելի է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հաղթանակը: Ավելին, այս հաղթանակն ակնհայտ է, քանի որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կանգնեցվեց ամենածանր պահին: Եվ հիմա ակնհայտ դարձավ, որ Թուրքիան և Ադրբեջանն այնպիսի իրավիճակում են գտնվում, երբ ցանկացած հետագա գործողություն, որը կարող է հանգեցնել նոր բախման, համաշխարհային հանրության առջև նրանց կբացահայտի որպես ագրեսոր», – ասել է փորձագետը:
Նա նշել է, որ այն ուժերը, որոնք շահագրգռված չեն հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ինչպես նաև Մոսկվայի ուժեղացումը չցանկացողները, փորձում են, տեղեկատվական գրոհների միջոցով «հետ շեղել իրավիճակը»:
«Ինչի՞ն է դա ուղղված: Այսօր Արևմուտքում որոշ մեկնաբանություններ են շրջանառվում, որոնց նպատակն է ամրապնդել այն գաղափարը, որ հայկական կողմը պարտություն է կրել, և այս պարտությունը խորհրդանշական է: Բայց սա հեռու է իրականությունից: Փակուղային իրավիճակ իրականում առաջացավ Թուրքիայի համար, որը հակամարտության հիմնական մասնակիցն է, և որը, ինչպես բոլորը հասկանում են, կանգնած էր Ադրբեջանի թիկունքում», – ընդգծել է Իվան Կոնովալովը:
Փորձագետը հավելել է, որ ընկնելով «ղարաբաղյան թակարդը»՝ Անկարան այժմ «արթնացնելու է» իրավիճակը հակամարտության տարածքում ու «ցնցելու է այն»:
«Համեմատեք Դոնբասի իրավիճակի հետ: Հենց որ անհրաժեշտ է լինում Եվրոպայի ուշադրությունը գրավել կամ Միացյալ Նահանգներին ներգրավել Ուկրաինայի գործերում, ինչ-որ մեկն անմիջապես սրում է իրավիճակը: Բայց Կովկասում ամեն ինչ որոշակիորեն այլ է, քանի որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, միջամտեց, դադարեցրեց հակամարտությունը, թույլ չտվեց Լեռնային Ղարաբաղի տարածքի գրավումը: Եվ ամենակարևորը, Ռուսաստանը դեռ 2008-ին ցույց տվեց, որ պատրաստ է շատ կոշտ գործել այս տարածաշրջանում », – մանրամասնել է Կոնովալովը:
Ամբողջությամբ՝ tert.am