Պուտինը պատմել է՝ ինչու Ռուսաստանն ուղիղ ռազմական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասն բացատրել է «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում, թե ինչու Ռուսաստանն ուղիղ ռազմական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին՝ լինելով ՀԱՊԿ անդամ, հաղորդում է ՄԿ-ը:

Պուտինը բացատրել է, որ Ադրբեջանը սկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ, մարտերն անցկացվել են միայն այդ տարածքում, սակայն Երեւանն այդպես էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

«Միջազգային իրավունքի տեսանկյունից դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն ու դրա տարածքը եղել եւ այժմ էլ Ադրբեջանի Հանրապետության մասն է»,-նշել է Պուտինը: Հայաստանի տարածքի նկատմամբ ագրեսիա չի եղել: Ուստի Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն իրավունք չի ունեցել մասնակցել այդ հակամարտությունում:

Ինչ վերաբերում է Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, Հայաստանը ստացել է անհրաժեշտ օգնությունը: Մոսկվան արել է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրեն լքված եւ մոռացված չզգա:

Պուտինը նաեւ ընդգծել է, որ հրադադարի համաձայնագիր կնքելու համար Երեւանը հնարավորություն ուներ դեռեւս հոկտեմբերին: Այդ ժամանակ Պուտինը համոզել էր Ալիեւին դադարել պատերազմը: Սակայն Փաշինյանը պնդել էր, որ ռազմական գործողությունները պետք է շարունակվեն: Այդ ամենը հանգեցրել էր Շուշին ադրբեջանական զորքերի կողմից գրավելուն, ինչը բացել էր ճանապարհ դեպի Ստեփանակերտ:

news.am