«Հոկտեմբերին համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում՝ փախստականներին Շուշի վերադարձնելու պայմանով, սակայն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է՝ ինչու մարտերը Ղարաբաղում չեն դադարեցվել հոկտեմբերին:

«Հոկտեմբերին համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում՝ փասխտականներին Շուշի վերադարձնելու պայմանով, սակայն Հայաստանը դեմ է եղել ․․․ Ինձ համար անսպասելիորեն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է», – ՌԴ նախագահին մեջբերում է РИА Новости-ն:

Նա նաև բացատրել է, թե ինչու ՀԱՊԿ-ը չի միջամտել ղարաբաղյան հակամարտությանը: «Միջազգային իրավունքի համաձայն Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի անբաժանելի մասը, ՀԱՊԿ-ն չէր կարող միջամտել, իսկ Հայաստանի վրա ոչ ոք չի հարձակվել»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում հազարավոր սպանվածների և տուժածներ են եղել: «Ավելի քան 4000 մարդ է մահացել միայն պաշտոնական տվյալներով: Տասնյակ հազարավորները վիրավոր են: Դա ողբերգություն է, որը տեղի է ունենում որոշակի մարդկանց հետ, այդ պատճառով ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը արյունահեղության դադարեցումն է»,- ասել է ՌԴ նախագահը:

Խոսելով Ադրբեջանին ցուցաբերված թուրքական աջակցության մասին՝ Պուտինն ասել է. «Թուրքիան երբեք չի թաքցրել, որ աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, դա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքներն են»:

ՌԴ նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել քննարկումներում, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում: Վերջինս հայտնել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

tert.am