Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, քանի դեռ պահպանվում է ստատուս քվոն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռոսիա հեռուստատեսության հետ զրույցում:
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը հեռանկարում իրավիճակի կարգավորման հնարավորություն է տալիս, նշել է նա:
Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքն է:
«Ամենակարեւորը, ինչ հաջողվել է անել, արյունահեղությունը դադարեցնելն է»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
«Հոկտեմբերի 19-20-ին գրեթե պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին, սակայն չստացվեց»,- ասել է նա։
Պուտինն ասել է, որ հոկտեմբերին համոզել էր Ալիեւին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում Շուշի փախստականների վերադարձի պայմանով, սակայն Փաշինյանը, ի զարմանս իրեն, դեմ է եղել և որոշել է շարունակել պատերազմը։