Իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել․ Արայիկ Հարությունյանը՝ պատերազմը դադարեցնելու որոշման և կորուստների մասին

Նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ։ Այսօր ուզում եմ հայտարարել, որ իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Չգիտեմ՝ պատմությոնն ինչ գնահատական կտա, բայց այն որոշումը, որ կայացրել ենք երեկ, ստիպված ենք եղել, ինչու՞․ նախ ռազմական վիճակի առումով, որովհետև 43 օր մարտական գորողությունների արդյունքում կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին։ Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում։ Եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերի ընթացքում մենք կկորցնեինք ամբողջ Արցախը, կունենայինք շատ ավելի զոհեր»։

ԱՀ նախագահի խոսքով՝ մարտական գործողությունների՝ թիկունք տեղափոխմամբ, կունենայինք անդառնալի հետևանքներ առաջնագծում, շրջափակման մեծ հնարավորություններ կարող էին լինել։

Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել երեկ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում․ և այդ բոլոր կորուստները՝ անօդաչուներով: