1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար. «Նովայա Գազետա»-ի հոդվածը Սիրիայից բերված վարձկանների մասին

Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, որում ներկայացրել է Սիրիայից վարձկան ահաբեկիչների հավաքագրման մեխանիզմները, պայմանները և Ադրբեջանի կողմից նրանց օգտագործումը Արցախի դեմ պատերազմում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակ Վադիհ էլ Հայեկը նշում է, որ, թեև մինչ օրս Թուրքիան և Ադրբեջանը հերքում են Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի  վարձկաններ տեղափոխելու մասին տեղեկությունները և տարբեր երկրների իշխանությունների հայտարարությունները, սակայն փաստերը այլ բան են ապացուցում։

Վադիհ էլ Հայեկը հոդվածում  վարձկաններից մեկի լուսանկարն է հրապարակել և նշել, որ  լուսանկարում պատկերված մարդու անունը Մոհամեդ Շաալան է, ով սպանվել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում։

«Նա սիրիացի է, ծնունդով Հալեպի մոտ գտնվող Ալ Աթարիբ փոքր քաղաքից: Նախկինում կռվել է Սիրիայի ազատ բանակի կազմի մեջ մտնող Սուվար ալ-Շամի բրիգադի կազմում։ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկսվելուց հետո մեկնել է այնտեղ ՝ պատերազմելու Ադրբեջանի համար։ Սպանվել է հակամարտության առաջին իսկ օրերին»,- նշում է Վադիհ էլ Հայեկը։

Հոդվածագիրը նաև հրապարակում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (Syrian observatory for human rights) տվյալները։

« Ըստ այդ տվյալների ՝ ներկայում Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է Սիրիայի 134 քաղաքացի: Դրանցից 13 -ը ՝ վերջին 48 ժամվա ընթացքում։ Նրանց բոլորին հավաքագրել են Թուրքիայի քաղաքացիները ՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը մասնակցելու համար։ Սիրիայում աշխարհիկ ընդդիմության ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշել են, որ ԼՂ հակամարտության սկզբից ավելի քան 185 սիրիացի վարձկաններ են սպանվել»,- գրում է Վադիհ էլ Հայեկը։

freenews.am