«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի». Էդվարդ Նալբանդյան

2008-2018 թթ․ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Sputnik Армения» գործակալությանը հոդված է տրամադրել իր պաշտոնավարման տարիներին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք թարգմանաբար։

Ադրբեջանը բանակցային գործընթացում տարիներ շարունակ զբաղեցրել է մաքսիմալիստական դիրքորոշում։ Կիսո՞ւմ էին արդյոք Բաքվի նման մոտեցումը ԵԱՀԿ Մինսկի համանախագահները։ Իհարկե ոչ։

«Բոլոր աշխատանքային փաստաթղթերը ենթադրել են հակամարտության փաթեթային լուծում»

Համանախագահների առաջարկած և կողմերի միջև բանակցությունների առարկա դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը ենթադրել են լեռնայինղարաբաղյան հակամարտության փաթեթային լուծում փուլային իրականացմամբ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցվածությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը քվեարկության միջոցով՝ ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտումն արտացոլող և միջազգային իրավական պարտադիր բնույթ ունեցող։ Ի դեպ, ֆիքսվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը չի սահմանափակվելու ոչնչով՝ նախատեսելով ցանկացած կարգավիճակ ընտրելու հնարավորություն։

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»

Հայկական կողմն այս ողջ ընթացքում չի քննարկել հակամարտության կարգավորման որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չի նախատեսում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում։ Եվ պատահական չէ, որ ՀՀ ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Այս փուլում տեղի են ունեցել ԼՂ հակամարտության նկատմամբ վերաբերմունքի կոնցեպտուալ փոփոխություններ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունները, որոնք ընդունվել էին Լ’Աքվիլում (2009), Մուսքոկում (2010), Դովիլում (2011), Լոս-Կաբոսում (2012) и Էնիսկիլենում (2013)՝ որպես ԼՂ խնդրի կարգավորման համար կարևոր հիմք, հստակորեն ամրագրում էին ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը երկար տարիների ընթացքում եղել է Երևանի դիրքորոշման անկյունաքարը։

Այդ հայտարարություններում ընդգծվում էր այն, ինչ դրված էր համանախագահների կողմից առաջարկված բոլոր աշխատանքային փաստաթղթերում՝ Արցախի կարգավիճակը պետք է հստակեցվի ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտության ճանապարհով։

Դիրքորոշումը, որով հանդես էր գալիս Հայաստանը տարիներ շարունակ, վայելում էր միջազգային հանրության աջակցությունը։

Եթե տարիների ընթացքում Ադրբեջանը պնդում էր, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, հայտարարում էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի իրենցից մեկ ամբողջություն ներկայացնող միջազգային իրավունքի 3 սկզբունքների հիման վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք, և, որ փորձերը՝ այդ սկզբունքներից մեկին հաղորդել գերակա նշանակություն, կխզեն խաղաղ կարգավորումը։

Բանակցությունների ընթացքում ավելի քան երեք տասնյակ էական փոփոխություններ մտցվեցին ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներում, որոնք առաջարկվել էին կողմերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007թ․ Մադրիդում:

Հայաստանը մեկ անգամ չէ, որ ընդգծել է՝ առանց ԼՂ մասնակցության՝ համապարփակ և երկարաժամկետ կարգավորում հնարավոր չէ։

Եվ դա արտացոլվում էր բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։

Հակամարտության կարգավորման հարցում իր մոտեցումներով Ադրբեջանը պրակտիկորեն հակադրվում էր ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին՝ հրաժարվելով համանախագահների առաջարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերից։

1․ 2008թ․ ապրիլից մինչ 2008թ. նոյեմբերի 2-ը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Մայնդորֆյան հռչակագրի ընդունումը, Բաքուն փաստացիորեն հրաժարվում էր բանակցություններ վարել Մադրիդյան փաստաթղթի հիման վրա՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնարար սկզբունքներ»

2. 2008թ․ դեկտեմբերից մինչև 2011 թվականի հունիսի 24 (Կազանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողով) կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցում էին Հիմնարար սկզբունքները համաձայնեցնելու շուրջ։ Կայացել են 12 երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) նախագահների հանդիպումներ, երեք տասնյակ արտաքին գործերի նախարարների հանդիպումներ։

Ադրբեջանն ամեն անգամ ետքայլ էր անում ձեռքբերված պայմանավորվածություններից։ Կազանը դարձավ գագաթնակետը, երբ, ի հակառակ միջնորդների ակնկալիքների, Ադրբեջանը փաստորեն հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջադրելով 12 փոփոխություն։

3. 2011 թվականի հուլիսից (Ս․ Լավրովի այց Երևան և Բաքու) մինչև 2012 թվականի հունվարի 23-ը՝ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը, Ռուսաստանը և համանախագահները փորձում էին համոզել կողմերին շարունակել բանակցային գործընթացը, վերադարձնել այն կառուցողական հուն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների և ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում ներառված դրույթների հիման վրա։ Սակայն Ադրբեջանը հրաժարվեց նաև դրանից։

4. 2012-2013 թթ. Չնայած Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ համանախագահ երկրների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների կոչերին՝ շարունակել, արագացնել և ավարտել «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, Ադրբեջանը մերժեց բոլոր տարբերակները՝ առաջարկված համանախագահների կողմից, հայտարարելով դրանք համաձայնեցնելն անօգուտ, և առաջարկեց անցնել ուղղակիորեն խաղաղ համաձայնագրի մշակմանը։ Համանախագահները և հայկական կողմը կասկած հայտնեցին նման համաձայնագիր ձևավորելու հնարավորության վերաբերյալ, երբ չի հաջողվում համաձայնեցնել նույնիսկ կարգավորման հիմնարար սկզբունքները։

Աշխատանքային փաստաթղթերը, որոնք համանախագահները պատրաստել են 2007թ․ նոյեմբերից մինչև 2011թ․ հունիս (որպես առաջին քայլ, հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքները, նպատակով, որ դրանց համաձայնեցումից հետո այդ հիմքի վրա մշակվելու է խաղաղ համաձայնագիր, որը պետք է ունենար իրավական պարտադիր բնույթ), հանձնվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ Վիեննայում պահելու համար:

Նյութի աղբյուր՝ https://168.am/2020/10/15/1387405.html