ՀԱՊԿ-ի շրջանակներում կնքված պայմանագրերով Ռուսաստանի պարտավորությունները տարածվում են Հայաստանի, բայց ոչ Արցախի վրա:
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հաղորդում է «Իզվեստիա»-ն։
«Դրանք անվտանգության պարտավորություններ են: Այսինքն՝ եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է արտաքին ագրեսիայի, ապա պայմանագրի մասնակից երկրները պաշտպան կանգնելու պարտավորություն ունեն»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչպիսի պարտավորությունների մասին է խոսք գնում:
Խոսելով այն մասին, թե որ դեպքում Ռուսաստանը արցախա-ադրբեջանական շփման գոտի զորք կուղարկի, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է, որ դա ՀԱՊԿ պայմանագրի պարտավորություններից դուրս է:
«Այս դեպքում խոսքը գնում է Հայաստանի մասին: ՌԴ նախագահը հստակ տարանջատել է երկու հարցերը: ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Արցախի վրա»,- հավելել է Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախում տեղի ունեցող իրադարձությունները անվանեց ողբերգություն և հայտարարեց, որ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, որոնք ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում են: