Խոստացել եմ՝ եթե ինձ տրամադրեն իմ պատասխանները, ապա չեմ հրապարակի հանձնաժողովում հնչած որեւէ կարծիք. Սերժ Սարգսյան

Առաջարկում եմ՝ այսօր չխոսենք Ապրիլյան քննիչ հանձնաժողովի մասին եւ տեղի ունեցած իրադարձությունների մասին, որովհետեւ խոստացել եմ հանձնաժողովում՝ եթե նրանք ինձ տրամադրեն գոնե իմ պատասխանները, ապա ես չեմ հրապարակի հանձնաժողովում հնչած որեւէ կարծիք ու հարց։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է ինքը գնահատում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծման գոյությունը։

«Նույնիսկ ասել եմ՝ եթե ամբողջը տաք, իսկ նրանք ինձ ամբողջը տվել են, ես խոստանում եմ, եթե շատ մեծ ծայրահեղություն չլինի մինչեւ 2050 թվականը չհրապարակել որեւէ բան։ Ճիշտ կլինի, որ ես խոստումս պահեմ։ Ավելացնեմ, որ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը ներկայացնելու է Ազգային ժողովին, դրանից հետո անպայման մենք առիթ ենք ունենալու հանդիպելու, որպեսզի կամ համաձայնենք, կամ չհամաձայնենք հանձնաժողովի կարծիքների հետ»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանը հրավիրվել էր Ապրիլյան քննիչ հանձնաժողով։

Աղբյուրը՝ news.am