Անի Սամսոնյանը պարետին առաջարկել է վերանայել եթերային տաղավարներում դիմակ կրելու պարետատան որոշումը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ գրավոր դիմել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ եթերային տաղավարներում դիմակ կրելու որոշումը վերանայելու հարցով։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Համաձայն պարետի որոշման դիմակների կրումը պարտադիր է դարձել նաեւ հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող եւ էլեկտրոնային), ռադիոտաղավարներում եւ մամուլի ակումբներում:

Սա առաջացնում է լրատվամիջոցների դժգոհությունը այն առումով, որ անհնարմարություն է ստեղծում թե՛ հարցազրուցավարների, և թե՛ հյուրերի համար:

Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի եւ հյուրի միջեւ պահպանվում է բնականոն եւ անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը եւ թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների»: