Հպարտ քաղաքացին ոչ մի արժեք չունի Նիկոլ Փաշինյանի համար, ինչո՞ւ նա Ամուլսարում չէր. Գևորգ Պետրոսյան

Իմ անձնական կարծիքով՝ իշխանությունը մտահոգված է ժողովրդական դժոգոհության ալիքով, այդ իսկ պատճառով արտակարգ դրությունը ևս մեկ անգամ ցանկանում են երկարաձգել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ չկա մի այնպիսի շերտ, որը գոհ լինի իշխանության վարած սոցիալ-տնտեսական, առողջապահական քաղաքականությունից, և իշխանությունը մտածում է՝ եթե արտակարգ դրությունը վերանա, այլևս ոստիկանները չեն կարող քաղաքացիների հավաքները սանձել, մարդկանց ապօրինաբար բերման ենթարկել, հետո բաց թողնել, արդեն կձևավորվի ճակատ և իշխանությանը կներկայացվի կոնկրետ քայլեր անելու պահանջ, ինչը իշխանությունը ի վիճակի չէ անել, եթե 2,5 տարի է՝ չի արել, որևէ երաշիք չկա, որ հաջորդ 2,5 տարում ինչ-որ հրաշքներ են անելու»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը, շատ լավ հասկանալով իրավիճակը, թաքնվել է կորոնավիրուսի հետևում:

«Չգիտեմ՝ այս վիճակը ինչքան կարող է շարունակվել, համենայն դեպս ոչինչ հավերժ չէ, գալու է նաև կորոնավիրուսի հետևում թաքնվելու վերջը: Փոխանակ գործուն քայլեր անելու, փոխանակ ներդրումային կլիմա ստեղծելու, այսօր շարունակում է մարդաորսը: Փողոցներից անհիմն պատճառներով մարդկանց ոստիկանության են տանում, պետական բյուջեն քաղացիների հաշվին լցնելու անհիմն քաղաքականություն են վարում»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն  ասում էր, որ հանրապետության հրապարակում ժողովուրդն է այն սուբյեկտը, որը պետք է ղեկավարի:

«Հիմա պատկերացրեք փոքրացնենք մաստշաբները, Հանրապետության հրապարակը դա Ջերմուկի Ամուլսարն է, որի  ժողովուրդը միահամուռ կանգնած են և պահանաջում են հանքը չշահագործել, բայց իշխանությունից որևէ մեկը չի աջակցում այդ շարժմանը, բա ուր է Նիկոլ Փաշինյանը, բա հպարտ քաղաքացիները միահամուռ ելել են պայքարի, ինչու Նիկոլ Փաշինյանը նրանց կողքին չէ:

Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Նիկոլ Փաշինյանին հպարտ քաղաքացիները պետք էին իշխանության գալու համար, արդեն իշխանությունը գրաված լինելու պարագայում հպարտ քաղաքացին ոչ մի արժեք չունի Նիկոլ Փաշինյանի համար»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ սահմանափակումներ կարող են լինել , բայց դրանք պետք է դրվեն վարակման վտանգը կանխելու համար, ոչ թե քաղաքացիների գրպանը մտնելու և նրանց բողոքի իրավունքը զսպելու համար:

«Եթե վաղը, մյուս օրը այս իշխանությունը փոխվի, հաջորդ  իշխախությունը քննի նախորդ իշխանության գործերը, կամ նույն  ԱԺ –ն քննիչ հանձանաժողովի միջոցով, կամ իրավապահ համակարգի միջոցով բացահայտեն, որ իրականում ամենևին էլ կարիք չի եղել արտակարգ դրությունը երկարացնելու, կնաշանակի, որ կառավարության անդամները թույլ են տվել պաշտոնական դիրքի չարաշահում՝ իր բոլոր հետևանքներով, բայց այս իշխանության օրոք ես հույս չունեմ, որ այդպիսի բան կլինի, շատ լավ տեսնում եք , թե Նիկոլ Փաշինյանը, եթե ոչ անձամբ, ապա իր գործակատարների միջոցով, ինչպես է ներգործում դատական համակարգի վրա»,-ասաց նա: