ArmDaily.am-ը գրել էր, որ իշխանական վերնախավը Առողջապահության նախարարի պաշտոնի համար դիտարկում է հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդու՝ բժիշկ-միկրովիրաբույժ Արամ Սահակյանի թեկնածությունը։ Չնայած Սահակյանը այս լուրերը հերքել էր մեզ հետ զրույցում և նշել, որ չի ընդունի առաջարկը, սակայն մեզ տեղեկություններ են հասել, որ վերջին օրերին Սահակյանի հետ հանդիպումները շարունակվել են։ Վերջինս հանդիպումներ է ունեցել մի շարք անվանի բժիշկների և առողջապահական ոլորտի մասնագետների հետ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել Սահակյանի՝ ԱՆ պաշտոնում հնարավոր նշանակման վերաբերյալ։
ArmDaily.am-ի հետ զրույցում Արամ Սահակյանը հանդիպումների մասին լուրերը չհերքեց. «Հանդիպումներ, անկախ ամեն ինչից, ունենում եմ մասնագետների հետ՝ մի շարք հարցերի շուրջ, ոչ թե իմ նշանակման կամ չնշանակման հետ կապված»։
Սահակյանի խոսքով՝ իր հնարավոր նշանակման մասին առաջին անգամ մեր նախկին նյութից է իմացել.«Խոսակցություններ, ամեն դեպքում, կան, շատ ընկերներիցս էլ եմ լսել այդ խոսակցությունները։ Հիմա շարժվում ենք առաջ, բժիշկների հետ քննարկում ենք, թե հետագայում ինչ է լինելու»։ Ճշտող հարցին՝ ոլորտային փոփոխությունների և բարեկարգումների մասի՞ն, բժիշկն ասաց, որ ոլորտում աշխատանքներ տարվում են.«Բայց կարծում եմ, որ մոտեցումների փոփոխություններ և բարելավումներ կարող են լինել։ Սակայն հիմա էլ կատարվում են, նախարարության ներքին աշխատանքներին ծանոթ չեմ, բայց կարծում եմ՝ փոփոխությունների կարիք կա»։
Նկատառմանը, որ անցած անգամ մեզ հետ զրույցում առողջապահության նախարար դառնալու լուրերը հերքել էիք և նշել, որ, եթե առաջարկեն էլ՝ չի ընդունի, քանի որ ինքը բժիշկ է, ոչ թե՝ նախարար, Սահակյանն ասաց, որ անցած անգամ կտրուկ է արտահայտվել. «Անկեղծ, պետք է ընդունեմ, որ իմ պատասխանը կտրուկ է եղել այս հարցում»։ Հարցին՝ բացի ոլորտի մասնագետներից, կառավարության որևէ անդամի հետ հանդիպում եղել է, թե՝ ոչ, բժիշկը նշեց.«Չեմ ուզի դեռ բարձրաձայնել այդ մասին, սակայն իմ սոցիալական պատասխանատվությունը մտափոխվելու առիթ կարող է դառնալ»,- եզրափակեց Սահակյանը։
Աղբյուրը՝ armdaily.am