«Ես ասում եմ՝ մենք ավելի շուտ գիտեինք, որ Վանեցյանն ու Ծառուկյանը հանդիպում էին». Ալեն Սիմոնյան

«Ձեզ թվում է, մենք Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին իմացել ենք նրա հայտարարությունից հետո՞, չարաչար սխավում ենք: Պարոն Ծառուկյանը պարոն Վանեցյանի հետ հանդիպել է նույն այդ այգում բազմաթիվ անգամ, պարոն Վանեցյանը դա նույնպես չհերքեց»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ իրավապահները սկսեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն իրականացնել այն բանից հետո, երբ իմացան, որ վերջինս հանդիպել է Վանեցյանի հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ ներկայիս իշխանությունը ձախողել է, հետևաբար՝ 100 տոկոսով պետք է փոխվի:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ կա քրեական գործ, որտեղ այլ քրեական գործով ի հայտ է եկել փաստաթղթերի հավաքածու, որտեղ որ ցուցակագրվել է և կոնկրետ հաշվետվություն է ներկայացվել՝ 2017  թվականի խորհրդարանական ընտրություններին գումար բաժանելու հետ կապված:

«Եթե նման բան է եղել, իրավապահներն ի՞նչ կարող էին անել, ասեին՝ դե լավ, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, այդ թուղթը ճղենք–գցենք հետ: Ներողություն էլի, Դուք համարում եք, ով կուսակցություն ստեղծի, ով քաղաքական գործունեությամբ զբաղվի,  ՀՀ գործող իշխանությունն այսպես աչալուրջ պետք է նրանցով գնա զբաղվի՞: Արթուր Վանեցյանի կուսակցությունը հայտնի է միայն նրանով, որ նա մի կարճ ժամանակով եղել է ԱԱԾ տնօրեն: Ես ասում եմ, որ մենք ավելի շուտ գիտեինք, որ Վանեցյանն ու Ծառուկյանը հանդիպում էին, մեզ պետք չէր, որ հայտարարություն աներ, նոր մենք իմանայինք»,- հավելեց Ալեն Սիմոնյանը:

Նա վստահեցրեց, որ իշխանությանն այդ հանդիպումը չի անհանգստացրել, իշխանություններին անհանգստացնում և մտորումների տեղիք է տալիս միայն ՀՀ քաղաքացիների հետ շփումը:

«Թե ով ինչ այգում, ում հետ կհանդիպի, ինչ հին մեռել կբերի նոր քաղաքական դաշտ և կփորձի դա վերակենդանացնել, դա չորրորդական հարց է: Մեզ համար կարևորը քաղաքացիների հետ մեր համագործակցությունն է»,- նշեց նա:

Հարցին՝ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ քրեական գործը վաղուց է հարուցված եղել, հետևաբար՝ ի՞նչն է պատճառ եղել, որ հիմա հարցաքննեն Գագիկ Ծառուկյանին, Ալեն Սիմոնյանը հարցով պատասխանեց՝ իսկ ե՞րբ դա անեին, երբ էլ անեին, լրագրողները նույն հարցը պետք է տային:

«Ավելի շուտ կար Սեդրակ Առուստամյանի գործը, ինչո՞ւ մյուսների հետ կապված այդ շահարկումները չկան, այսինքն՝ մենք բոլորս վստահ էինք, որ վերջին 20 տարում, ընտրություններն անցկացվում էին առանց ընտրակաշառքի, բայց հանկարծ պարզվում է, որ ընտրակաշառք է բաժանվել: Գոյություն ունեն ժամկետներ, այս ժամկետում քննիչն այս որոշումը պետք է կայացնի, այն ժամկետում՝ մյուս որոշումը»,- նշեց նա:

Նա նաև վստահեցրեց, որ երեկ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ և ԱԱԾ-ի մոտ, բացի նրա կուսակից ընկերներից, հավաքվել էին նրա աշխատակիցները, քանի  որ համացանցում սթինշոթ է հայտնվել, որ «Շանգրիլա» խաղատան հաշվապահին կոչ է արվել, որ շուտ հավաքվեն, նաև Առինջ մոլի աշխատակիցներին:

168.am