«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը 80 հազար դոլար արժողությամբ ժամացույց է հայտարարագրել։
«Ժամացույցը նվեր եմ ստացել ընկերներիցս մեկից, ով դեռ 2018 թվականի դեկտեմբերին՝ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ, նվիրել էր։ Ընկերս մեծահարուստ չէ, ժամացույցը նվիրելու պահին աշխատում էր տեղեկատվական տեխնոլոգիաների բավականին առաջատար ընկերությունում։ Սակայն այդ ժամացույցը իր գումարով ձեռք չի բերել, բավականին երկար տարիներ առաջ այդ ժամացույցը նվեր էր ստացել»,- պարզաբանեց պատգամավորը։
Ըստ Կոստանյանի՝ ժամացույցը «Patek Philippe» ապրանքանիշի է։
Պատգամավորը աչքի չի ընկնում ունեցած գույքով, ֆինանսական միջոցերով և եկամուտներով։ Ըստ հայտարարագրի՝ չունի բնակարան, որևէ անշարժ գույք կամ մեքենա։ Աննա Կոստանյանն ասաց, որ այս պահին վարձով է բնակվում, սակայն չի մտածում ժամացույցը վաճառելու և բնակարան գնելու մասին. «Քանի որ ժամացույցը հուշանվեր է ինձ համար, եթե կյանքում ինչ որ մի ծայրահեղ իրավիճակի չհանդիպեմ, մինչ այդ պահը հաստատ այդ ժամացույցը չեմ վաճառի։ Ամեն դեպքում, շատ մտերիմ անձից նվեր է»,-նշեց պատգամավորը։
2019 թվականին Աննա Կոստանյանը կանխիկ ֆինանսական միջոցներ չի ունեցել, միայն բանկային հաշվին ունեցել է 1 580 000 դրամ, որից մինչ տարեվերջ մնացել է 932 441 դրամ։
Աննա Կոստանյանի 2019 թվականի միակ եկամտի աղբյուրը եղել է Ազգային ժողովից ստացված 8 866 740 դրամ աշխատավարձը։
Աղբյուրը՝ hetq.am