Ինչու է Ճապոնիան փող բաժանում քաղաքացիներին, իսկ Հայաստանը՝ ոչ․ Փաշինյանի պարզաբանումը

Կառավարությունը մտադիր է փողը ոչ թե որպես սոցիալական աջակցություն տրամադրել մարդկանց, այլ ստեղծել պայմաններ, որ մարդիկ աշխատեն այն։ Եվ եթե ընկերությունները դրա հնարավորությունը ունենան, Հայաստանում այս տարի ոչ թե 500, այլ 1000 կմ ճանապարհ կկառուցվի, իսկ գումարը կստանան աշխատողները։

Այս մասին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով կառավարության դիրքորոշումը։ Նա այս համատեքստում հիշատակեց նաև Ճապոնիայի օրինակը, որտեղ կառավարությունն ուղղակի որոշել է հավասարաչափ գումար տրամադրել բոլոր քաղաքացիներին։ Փաշինյանն ասաց, որ հաճախ է հնչում հարցը՝ ինչո՞ւ Հայաստանում նույնը չի արվում։

«Շատ պարզ պատճառով՝ որովհետև Ճապոնիայում քանդած ճանապարհ չկա, որովհետև Ճապոնիայում քանդած դպրոց չկա, քանդած հիվանդանոց չկա»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանը աղբի մեջ կորած է, և իրենք առաջարկում են՝ հավաքել աղբը և փող ստանալ դրա դիմաց։

Աղբյուրը՝ shantnews.am