«Ընտրվելու դեպքում ես կլինեմ բոլորի նախագահը, բացառում եմ երկրում քաղաքական հետապնդումները». Արայիկ Հարությունյան

Ընտրվելու դեպքում ես կլինեմ բոլորի նախագահը, բացառում եմ երկրում քաղաքական հետապնդումները: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունը:

Նախատեսված էր անցկացնել հեռուստաբանավեճ, սակայն նման ձևաչափով այն չկայացավ, քանի որ նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը հրաժարվել էր մասնակցությունից:

Պատասխանելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, ձեռնարկվող քայլերի, ավելի հզոր բանակ ունենալու, Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված հարցին, Արայիկ Հարությունյանը նշեց.

«Մեր խաղաղության միակ երաշխավորը դա բանակն է, իսկ բանակի սպառազինությունն ու մարտունակությունը մեր գլխավոր խնդիրն է լինելու: Այն ծրագրերը, որոնք առկա են այսօր, 2-3 տարվա ընթացքում թույլ կտան ոչ միայն վերականգնել հավասարակշռությունը մեր հակառակորդի նկատմամբ, այլև ունենալ առավելություն: Տարիների ընթացքում կփորձենք ձևավորել ավելի պրոֆեսիոնալ ու արհեստավարժ բանակ»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ այդ ամենը կիրականացվի Հայաստանի իշխանության հետ միասին:

Խոսելով կորոնավիրուսի մասին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ հետևում են հիվանդության հետ կապված զարգացումներին և, կարծում է, որ համաճարակը երկար կտևի:

«Մեր քայլերը պետք է հստակ լինեն: Կոչ եմ անում պահպանել անվտանգության կանոնները: Ընտրությունները կկայանան, սակայն խոցելի խմբին կոչ եմ անում ռիսկի տակ չդնել իրենց առողջությունը, թեև ընդգծում եմ, որ ընտրությունն ամենաքիչ ռիսկն է պարունակում, քան առօրյա շփումները»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ընտրությունները անհնարժեշտ են, քանի որ կարիք կա ձևավորել լեգիտիմ իշխանություն` սպասվելիք ճգնաժամին դիմակայելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Tert.am