«Եթե պարետատունն այս ձևով է շարունակելու, ապա սա շատ մտահոգիչ է». Էդմոն Մարուքյան

Երբ Ազգային ժողովում քննարկում էինք Արտակարգ դրություն հաստատելու մասին կառավարության բերած նախագիծը, վարչապետն այդ ամբիոնից հայտարարեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները չեն վերաբերելու քննադատություններին, դրանք կապված են լինելու միայն կորոնավիրուսով պայմանավորված կեղծ տեղեկությունների տարածման հետ: Այսօր Ազգային Ժողովի հրատապ նիստում, դիմելով Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այս օրերի ընթացքում, սակայն, մենք տեսնում ենք, որ պարերատունը տարբեր ձևերով սահմանափակումներ է մտցնում, ասում է՝ ձեր այս գրառումը խուճապ է առաջացնում, պարտադրում են մարդկանց դրանք հեռացնել, հիմա էլ՝ տուգանելու են: Ես կարծում եմ, որ էստեղ որոշակիության խնդիր ունենք: Ես միանում եմ խմբագիրների այն հայտարարությանը, որ սա նաև մամուլի գործունեույթան ոչ իրավաչափ սահմանափակում է: Հիմա, եթե պարետատունն այս ձևով է շարունակելու, ապա սա շատ մտահոգիչ է»,- դիմելով փոխնախարար Վահե Դանիելյանին՝ ասաց պատգամավոր Մարուքյանը:

Ի պատասխան պատգամավորի դիտարկմանը՝ փոխնախարարն ասաց, որ եթե Էդմոն Մարուքյանը կարդա Արտակարգ դրության մասին որոշման 23-րդ հավելվածը որպես իրավաբան կգա նույն համոզման: «Այո սահմանափակումները վերաբերում են կորոնավիրուսի դեպքերին: Արգելքը սահմանված է, որպեսզի խուճապ չառաջացնի:

Օրինակ՝ երբ հայտարարվում է, որ ՀՀ-ում պարենը բավարար չէ, կարող է մի քանի օրից սով սկսել, մարդիկ գնում են սուպերմարկերտներ և գնումներ անում, այդ ժամանակ խուճապն ավելի վատը կարող է լինել, քան բոլոր այն դեպքերում, երբ կորոնավիուսի հետ կապված թիվ հնչեցնեն»,-ասաց փոխնախարարը:

168.am