Փաշինյանը երկընտրանքի առաջ է․ հանրաքվեն կչեղարկվի՞ կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն ակտիվացրել է Հայաստանում սահմանադրական հանրաքվեի հետաձգման կամ չեղարկման վերաբերյալ խոսակցությունները։ Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ, նման կոչեր են անում։

Մեկնաբանելով հանրաքվեի հետաձգման հնարավորությունը՝ «Այո» շտաբի ներկայացուցիչ, իշխող դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ որոշումը պետք է կայացնեն կառավարությունը կամ Ազգային ժողովը։

«Դա պետք է պայմանավորված լինի ստեղծված իրավիճակով։ Այս պահին դժվար է որևէ բան ասել»,-նշեց Հովակիմյանը։

Թեև հետաձգելու կամ չեղարկելու համար դեռ առիթ է պետք։ Գործող օրենսդրությունը հետաձգելու կամ չեղարկելու համար երկու մեխանիզմ է նախատեսում։ Դա արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելն է։ Ի՞նչ է պետք անել վարակի դեպքում, այնքան էլ հասկանալի չէ։

Հովակիմյանն, օրինակ, չի բացառում համավարակի պատճառով արտակագ իրավիճակ հայտարարելու հնարավորությունը, եթե որոշում կայացվի հետաձգել քվեարկությունը։

Փորձագետներն էլ չեն բացառում հետաձգման հնարավորությունը։ Կովկասի ինստիտուտի մասնագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ եթե համավարակը սկսի արագորեն տարածվել, հանրության լայն շերտերն իրենք կպահանջեն չեղարկել հանրաքվեն։ Եթե ոչ, ապա իշխանությունը կարող է այլ խնդրի բախվել։

«Իշխանությունը խնդիր ունի հանրաքվեին մարդկանց ներկայանալու հետ կապված, որ Սահմանադրությունում ցանկալի փոփոխություններն ընդունվեն։ Հիմա եթե հանրաքվեն ուժի մեջ թողնեն, ապա քիչ մարդկանց ներկայանալու դեպքում քվեարկությունն անիմաստ կլինի։ Անհրաժեշտ 650 հազար «այո»-ն կարող է ուղղակի չհավաքվել»,-ասաց Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա հիշեցրեց Մարտի 1-ի հետ կապված երթի չեղարկումը։ Դեռ փետրվարի վերջին, երբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չկային, իշխող «Իմ քայլը» դաշինքում հերքում էին երթի չեղարկման հնարավորությունը։ Սակայն ամեն ինչ փոխվեց հենց երթի օրը` մարտի 1–ին, երբ գրանցվեց հիվանդության առաջին դեպքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց զանգվածային միջոցառումը չեղարկելու մասին։

«Կորոնավիրուսի տարածման ֆոնին մենք ունենք նաև «Ոչ»–ի շտաբի քարոզչությունը, հանրության տրամադրությունները, որոնք երբեմն խուճապային են։ Ճիշտ է՝ սոցիոլոգիական հարցումներ չեն անցկացվել այն հարցի շուրջ, թե քանի մարդ է պատրաստ ընտրատարածք գնալ, սակայն արդեն անզեն աչքով անգամ երևում է, որ ռիսկերը մեծ են»,- ասաց նա։

Շատ ավելի հավանական է, որ հանրաքվեն չհետաձգվի, քան ամբողջովին կչեղարկվի։ Դատելով Չինաստանի փորձից՝ վարակի հետ կապված իրավիճակի կայունացումը 2-3 ամիս է տևում՝ կախված ձեռնարկած միջոցների խստությունից։

Միաժամանակ Միքայելյանը կարծում է, որ եթե իշխանությունը վստահ լինի, որ հանրաքվեն հաջողված կլինի` այն չեն հետաձգի կամ չեղարկի։

Հանրաքվեն ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել մեկ հարցի` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։

Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։

armeniasputnik.am