ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակման մասին որոշումը կհրապարակեմ ամսի 19-ին. վարչապետ

Մարտի 19-ին լրանում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարելու՝ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը:

Այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե մտադի՞ր է արդյոք վերանշանակել ժամանակավոր պաշտոնակատարներին և ինչպե՞ս է գնահատում երկու մարմինների աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ արդեն որշում ունի և այն կհրապարակի ամսի 19-ին: «Մենք պրոբլեմներ ունենք իրավապահ համակարգում և պետք է այդ պրոբլեմները համակարգված ձևով լուծենք, բայց ես այդ պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների վրա: Խնդիրներ կան ամբողջ պետական համակարգում, և դրանք միչ այսօր լուծված չեն».-ասաց նա:

Նա նշեց, որ անհրաժեշտ է ճշգրիտ ախտորոշում, և նշեց, որ դրան մոտ են:

Աղբյուրը՝ tert.am