«Տիկին Թանդիլյան, նախարարի պաշտոնում ծրարով փող ստացե՞լ եք». վարչապետը հարցախույզ սկսեց

Իրավապահ մարմինները ոչ ամբողջ ծավալով են իրականացնում այն հակակոռուպցիոն քաղաքականությունը, որ նրանցից ակնկալում է ՀՀ վարչապետը։ ԱԺ–ում այսօր, պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի` պետական համակարգում ծրարով աշխատավարձ ստանալու մասին հարցին։«Մյուս կողմից սա այն պրոցեսն է, որ կարող է տեղի ունենալ երկու անձանց միջև, և այդ պրոցեսների բացահայտման հետ կապված ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ է, նույնիսկ ամենազարգացած իրավապահ համակարգ ունեցող երկրներում»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ծրարով աշխատավարձերի մասին հայտարարությունն ինքն արել է այն ժամանակ, երբ նման երևույթ պետական համակարգում արդեն բացառված է եղել։ Մանե Թանդիլյանը, սակայն պնդեց, որ վարչապետն այսօր այդ հարցը տա նաև իր ենթակա ներկայիս նախարարներին։ Վարչապետն էլ որոշեց սկսել իր ղեկավարած կառավարությունում որոշ ժամանակ աշխատած Մանե Թանդիլյանին։

«Քանի որ դուք էլ եք մեր կառավարությունում նախարար եղել, ես կսկսեմ Ձեզանից։ Տիկին Թանդիլյան, եղել է նման դեպք ձեզ հետ, թե՞ ոչ»,– ասաց Փաշինյանն ու հեռացավ ամբիոնից։

Հիշեցնենք` շուրջ մեկ տարի առաջ` 2019թ–ի փետրվարին , խոսելով կառավարության անդամների ստացած պարգևավճարների չափերի մասին, վարչապետ Փաշինյանը նշել էր, որ այդ պարգևավճարները հրապարակային ստացող մարդիկ հեղափոխությունից առաջ ծրարով փող էին ստանում։ Նրա համոզմամբ, մասնագետը 150 000 դրամ աշխատավարձով պետական համակարգում չի մնա, եթե մասնավորից 800 000–ի առաջարկ ստանա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am