ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ բժշկական դիմակի կարիք չունի։«Ծառուկյանը դրա կարիքը չունի։ Բարի մարդկանց այդ վիրուսը չի կպնում», – ասաց նա։
Իսկ վարակի դեմ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցներից Ծառուկյանը դժգոհ է։
«Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցների սեփականատերերին ու դեղատներին, որ իրենց անհրաժեշտ դեղորայքով ու դիմակներով ապահովեն։ Հիմա գրիպը եկել է հասել մեր դուռը, նայում ես՝ դիմակներ չկան, դեղորայք չկա»,- ասաց նա։
ԲՀԿ առաջնորդի համոզմամբ` իշխանությունը ժամանակին ականջալուր չեղավ այդ խորհրդին, հիմա էլ փորձում է արդարանալ։
Վարակի կասկածանքով մարդկանց Ծաղկաձոր տեղափոխելու մասին որոշումը ևս Ծառուկյանը չի ողջունում։ Նրա խոսքով` այն մեծ հարված է հասցրել զբոսաշրջային բիզնեսին։
«Գնացեք Ծաղկաձոր՝ ամբողջը դատարկ է։ Հենց ասել են, բոլոր պատվերները չեղարկել են, եղածներն էլ թողեցին, գնացին»,- դժգոհեց Ծառուկյանը։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր` 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։
Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am