168.am–ի տեղեկություններով՝ զբաղեցրած պաշտոններից այսօր հրաժարական կներկայացնեն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը: Ըստ մեր աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել է, որպեսզի վերջիններս իրենց դիմումի համաձայն հրաժարականներ ներկայացնեն:
Ըստ նույն աղբյուրների՝ որպես պատճառ թեև նշվում է բանակում վերջին երկու ամիսների ընթացքում խաղաղ պայմաններում զոհվածների հարցը, սակայն նախարարի կամ այլ պաշտոնյաների հրաժարականներով խնդիրը չի լուծվելու, քանի որ այն համակարգային է:
Հիշեցնենք, որ միայն 2020 թվականի ընթացքում Զինված ուժերում ունեցել ենք 11 զոհ, 8 վիրավոր:
Ի դեպ, ԶԼՄ-նեը բազմիցս գրել են, որ լուրջ լարվածություն կա ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի միջև: Բավական լարվածություն կա նաև ՊՆ նախարարի և որոշ տեղակալների միջև:
Այսօր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ աշխատանքային փակ քննարկում են անցկացնելու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ երեկ, ըստ ԶԼՄ հրապարակումների, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման պատճառը վերջին օրերին բանակում տեղի ունեցող դեպքերն են եղել:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար կնշանակվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:
Վերջինս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին:
ԶԼՄ-ներում նշվում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանի անունը, սակայն վերջինս tert.am-ի հետ զրույցում ասել է.
«Նման բան չկա, ես Ձեզնից եմ լսում առաջին անգամ: Ինձ այդ հարցով ոչ ոք չի զանգել, նման խոսակցություն չի եղել»: