«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 5-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդիպել էր Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ՝ քննարկելու ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը: Սակայն, ըստ էության, նրա հանդիպումն անցել է անարդյունք. ԱԺ նախագահը չի կարողացել փաստարկներ բերել, բացատրել կամ համոզել դեսպաններին: Եվ ԱԺ նախագահի «ձախողումը» հերթական անգամ կոծկելու համար դեսպանների հետ անհրաժեշտ համարեց հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բանն այն է, որ երեկ էլ նա է կառավարությունում հանդիպել Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Եվ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձ է եղել Սահմանադրական դատարանի վիճակին, եւ, ինչպես ասված է հաղորդագրությունում, վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին:
Եվ ուշագրավ է, որ այս հանդիպմանը խորհրդարանից ներկա են եղել միայն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանեց, թե իրենք են հրավիրված եղել այդ հանդիպմանը: Ստացվում է՝ անգամ Արարատ Միրզոյանը չի հրավիրվել այդ հանդիպմանը: Նկատենք, որ առաջին անգամ չէ՝ երբ քաղաքական օրակարգում են Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերը, վարչապետը հանդիպում կամ հեռախոսազրույց է ունենում եվրոպական կողմի հետ։
Դրանից առաջ էլ՝ փետրվարի 3-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ինչին հաջորդեց ԵԽԽՎ համազեկուցողների կողմից հայտնի հայտարարությունը։ Եվ այդ անգամ եւս, ըստ էության, բանակցելու բեռն իր ուսերին վերցրեց ՀՀ վարչապետը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: