Միացյալ Նահանգներն ու Իսրայելը երեկ կոշտ քննադատել են Իրանին՝ Աուշվիցի ազատագրման 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Ելույթ ունենալով Երուսաղեմի «Յադ Վաշեմ» թանգարանում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդել է, թե Թեհրանն ամենահակասեմիտական վարչակազմն է աշխարհում, որը փորձում է միջուկային զենք ստեղծել: «Մենք պետք է միավորվենք և թույլ չտանք Հոլոքոսթի կրկնություն», – հայտարարել է նա՝ դիմելով միջոցառմանը մասնակցող ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներին:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը ևս կոչ է արել միջազգային համայնքին միասնական դիրքորոշում որդեգրել Թեհրանի դեմ, ընդգծելով՝ Իրանն աշխարհի միակ պետությունն է, որը հերքում է Հոլոքոսթը:
Իրանը, որը պնդում է, թե միջուկային փորձարկումներն իրականացնում է միայն խաղաղ նպատակներով, չի ընդունում նաև հակասեմիտականության մասին մեղադրանքները: Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, թե խնդիր չունի հրեա ժողովրդի, այդ թվում՝ Իրանում ապրող համայնքի հետ, բայց դեմ է այդ երկրի վարչակազմին ու նրա վարած քաղաքականությանը Պաղեստինի հարցում: