ԱՄՆ-ը մերժել է մուտքի վիզա տրամադրել Իրանի ԱԳ նախարարին

Միացյալ Նահանգները մերժել է մուտքի թույլտվություն տրամադրել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, ով հունվարի 9-ին Նյու Յորքում պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներն ամերիկյան կառավարությունում և դիվանագիտական շրջանակներում:

Որոշման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում հրաժարվել են մեկնաբանել:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունում հայտարարել են, որ ԱՄՆ-ից կամ ՄԱԿ-ից Զարիֆի մուտքի վիզայի վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական տեղեկանք չեն ստացել:

ՄԱԿ-ի և Միացյալ Նահանգների միջև 1947 թվականին կնքված համաձայնագրով Վաշինգտոնը պարտավոր է իր տարածքում ՄԱԿ-ի կառույցներ մուտքի թույլտվություն տալ օտարերկրյա դիվանագետներին՝ «անկախ պետությունների կառավարությունների միջև գոյություն ունեցող հարաբերություններից»: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պնդում է, որ իրավունք ունի մերժել մուտքի թույլտվությունը անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի նկատառումներով:

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները կտրուկ սրվել են Բաղդադում ամերիկյան օդուժի կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո: Ըստ Միացյալ Նահանգների իշխանությունների՝ Սուլեյմանին Իրաքում ամերիկյան ռազմավարական կառույցների դեմ նոր հարձակումներ էր նախապատրաստում։